15/05/2019 20:21
Սուդանի Ռազմական խորհուրդը և ընդդիմությունը պայմանավորվել են երկրում հաստատել եռամյա անցումային շրջան
Սուդանի Ռազմական խորհուրդը և «Հանուն ազատության և փոփոխությունների» դաշինքի ներկայացուցիչները պայմանավորվել են երկրում հաստատել եռամյա անցումային շրջան: Այս մասին հայտնել է «Al Arabiya» հեռուստաալիքը՝ մեջբերելով Ռազմական խորհրդի հայտարարությունը:
Երկրի զինվորական իշխանությունները նաև հայտնել են, որ ընդդիմության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 300 մարդուց կազմված օրենսդիր խորհուրդ ստեղծելու մասին:
Հայտարարության համաձայն՝ զինվորականները «դաշինքի հետ պայմանավորվածությունները վերջնականապես կձևակերպեն առաջիկա 24 ժամում»:
Հիշեցնենք, որ Ապրիլի 11-ին երկրում ծանրագույն տնտեսական իրավիճակի ֆոնին ամիսներ տևած բողոքի ցույցերից հետո բանակն իշխանությունից հեռացրել էր Սուդանում 30 տարի իշխող նախագահ Օմար ալ Բաշիրին և իր ձեռքը վերցրել պետության կառավարումը՝ ստեղծելով ժամանակավոր Ռազմական խորհուրդ, արձակելով խորհրդարանը և դադարեցնելով Սահմանադրության գործողությունը: