20/05/2019 18:05
Գրեթե ոչ մի կապ չունենք Հայաստանի ներկա ղեկավարության հետ, լիովին մեկուսացված վիճակում ենք. Պյատիգորսկի հայ համայնքի ղեկավար
«Eurasia Daily» ռուսական պարբերականը գրել է, որ «Թավշյա հեղափոխության» արդյունքում Հայաստանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Հայաստանի համար շատ կարևոր է սփյուռքի հետ կապերի ամրապնդումը, և իր կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերը հնարավորինս շուտ վերադառնան հայրենիք։
«Սակայն Փաշինյանի հայտարարություններն այլևս ամենուր չեն ընդունում նախկին ոգևորությամբ։ Պյատիգորսկի հայկական համայնքի առաջնորդներն այսօր հիասթափված են՝ մատնանշելով, որ նոր Հայաստանի ղեկավարությունը կտրվել ու մեկուսացել է սփյուռքից», - գրել է կայքը:
Պարբերականի հետ զրույցում Պյատիգորսկի հայ համայնքի ղեկավար Արթուր Պետրոսյանը նշել է, թե կապը Հայաստանի հետ գնալով թուլանում է․
«Երբ կար Սփյուռքի նախարարությունը, մենք ուղիղ կապ ունեինք ՀՀ Կառավարության հետ։ Հաճախ գնում էինք Հայաստան, մեզ մոտ հաճախ գալիս էինք, անընդհատ փորձի փոխանակում էինք իրականացնում։ Մեր երեխաներն էլ ամեն տարի հայրենիք էին գալիս Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով։ Այս ուղևորություններն, ամենից զատ, լավ խթան էին, որպեսզի մեր երեխաներն ակտիվ սովորեին հայոց լեզուն։ Այսօր այս ամենը չկա, չկա Սփյուռքի նախարարությունը, չկա «Արի տուն» ծրագիրը, չկան անմիջական շփումները։ Այսօր նույնիսկ ուղիղ չվերթ չկա Երևանի և Պյատիգորսկի միջև։ Այսօր գրեթե ոչ մի կապ չունենք Հայաստանի ներկա ղեկավարության հետ։ Մենք լիովին մեկուսացված վիճակում ենք հայտնվել։ Ինձ հաճախ մոտենում են մարդիկ ու խնդրում են, որ ես դիմեմ Հայաստանի տարբեր մարմիններին ուղիղ ավիահաղորդակցություն հիմնելու խնդրանքով։ Իրականում աբսուրդ է, որ հայերով այսքան խիտ բնակեցված քաղաքը դեպի հայրենիք ուղիղ չվերթ չունի։ Մենք ուզում ենք մեր պատգամավորների միջոցով բարձրացնել այդ հարցը, որպեսզի ուղիղ չվերթներ լինեն մշտապես, այլ ոչ թե ունենան սեզոնային բնույթ։ Բայց մենք հաջողությանն առանձնապես չենք հավատում, քանի որ հայտի քաղաքական իրադարձություններից հետո Հայաստանի ղեկավարության հետ շփումները գրեթե բացակայում են», - ասել է Պետրոսյանը։
Խոսելով անցյալ տարի Ստավրոպոլի հայերի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման մասին՝ Արթուր Պետրոսյանն ասել է.
«Հանդիպումն իսկապես շատ ջերմ անցավ ու մենք անգամ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք տնտեսական կապերի ակտիվացման հարցերում, սակայն մինչ այսօր ոչինչ տեղի չի ունեցել։ Մյուս կողմից, որպեսզի հնարավոր լինի գրավել ներդրողների ուշադրությունը Ռուսաստանից կամ այլ երկրներից, անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր պայմաններ։ Իսկ իրականում, երբ մենք լրատվամիջոցների միջոցով տեսնում ենք, թե Հայաստանում ինչպես են խուզարկում «Հարավկովկասյան երկաթուղիների» երևանյան գրասենյակը և հետապնդում խոշոր բիզնեսմեններին, այդ թվում՝ նրանց, ովքեր զբաղված են արտահանմամբ, հասկանում ենք, որ բիզնես միջավայրը չի բարելավվել Հայաստանում։ Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ հետադարձ կապ ունենալ ու հույս ունենք, որ կապը կվերականգնվի, թեև շատ վշտացած ենք Սփյուռքի նախարարության փակվելու կապակցությամբ»։