21/05/2019 21:52
Արդարադատության համակարգում բարեփոխումների ճանապարհին ՀՀ կառավարությունը կարող է մեզ վրա հույս դնել. ԵՄ դեսպան. Factor
Եվրամիությունը կարծում է, որ Հայաստանում արդարադատության ոլորտում խորը և համապարփակ բարեփոխումները երկրի ապագայի համար կենսական նշանակություն ունեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, գրում է Factor.am-ը։
«Գլխավոր պատճառն հետևյալն է. Հայաստանում մարդկանց մեծամասնությունը դատարաններին չի վստահում: Հանրային վստահությունը վերականգնելու համար լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ: Եվրամիությունն այն կարծիքին է, որ այդ բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան: Դրանց թվում Եվրոպայի խորհրդի անդամակցության, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրում արդարադատության բարեփոխումներին առնչվող փոխադարձ պարտավորություններն են», - ընդգծեց Սվիտալսկին:
Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական շոշափելի աջակցություն ցուցաբերել Հայաստանում արդարադատության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին:
«Մենք ընդունում ենք արդարադատության համակարգում փոփոխություններ կատարելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա վճռական հանձնառությունը: Հայաստանի կառավարությունը պետք է իմանա, որ այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին մեզ վրա կարող է հույս դնել: Արդարադատության բարեփոխումների շրջանակում մենք Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունե ենք սկսել և կառավարությանը խրախուսում ենք բարեփոխումների համար անհրաժեշտ միջոռացումները քաղաքացիական հասարակության ու դատական ինստիտուտների հետ երկխոսության միջոցով ձեռնարկել», - նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Ըստ նրա՝ դատարանների նկատմամբ հասարակության անվստահությունը երկու հիմնական պատտճառ ունի. նախկինում եղած կոռուպցիան և քաղաքական անկախությունը, քաղաքական մանիպուլյացիան: «Կարծում եմ՝ դատարանների նկատմամբ վստահության վերականգնմանը խոչընդոտող խնդիրները հենց սրանք են», - եզրափակեց Սվիտալսկին: