22/05/2019 19:54
Բրիտանացի լեյբորիստները կոչ են արել Մեյին՝ Brexit-ի մասին օրինագիծը քվեարկության չդնել խորհրդարանում
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը կոչ է արել վարչապետ Թերեզա Մեյին՝ Brexit-ի մասին օրինագիծը քվեարկության չդնել խորհրդարանում, հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով լեյբորիստների՝ «Brexit-ի հարցերով ստվերային նախարար» Կիր Սթարմերի հայտարարությունը:
«Ես անկեղծորեն կարծում եմ, որ վարչապետի համար խելամիտ կլինի քվեարկության չդնել օրենսդրական միջոցների այդ փաթեթը»,-ասել է լեյբորիստների ներկայացուցիչը: Նա չափազանց թույլ է համարել Brexit-ի շուրջ փոխզիջման հասնելու այն առաջարկները, որոնք վարչապետը ներկայացրել է Լեյբորիստական կուսակցությանը:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել է, որ վարչապետը նամակ է ուղարկել լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինին, որում կոչ է արել ընդդիմությանը փոխզիջման գնալ և խորհրդարանում պաշտպանել ԵՄ-ից երկրի դուրս գալու մասին օրինագիծը:
«Brexit-ի մասին օրինագիծը դա անելու մեր վերջին շանսն է: Ես կոչ եմ անում փոխզիջման գնալ, որպեսզի մեր երկու կուսակցությունները հասնեն այն բանին, ինչը խոստացել են իրենց հռչակագրերում, և վերականգնեն վստահությունը քաղաքականության նկատմամբ», - գրել է Մեյը Քորբինին: