27/05/2019 13:19
Ադրբեջանցի լրագրողի հարցը սադրանք չեմ համարում. նորմալ հարց էր. Աննա Հակոբյան
Ադրբեջանցի լրագրողի հարցը սադրանք չեմ համարում, լրագրողների հետ հադիպմանն ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնակով Ալմաթիում Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումի ժամանակ իրեն ուղղված հարցին:
«Ես ադրբեջանցի լրագրողի հարցը սադրանք չեմ համարում: Նորմալ հարց էր և նորմալ չէր լինի, եթե ադրբեջանցի լրագրողի տեսադաշտում հասանելի գտնվի Հայաստանի վարչապետի կինը, ով նման նախաձեռնություն ունի ու նա հարց չուղղեր ինձ դրա մասին: Որևէ սադրանք չի եղել, ես էլ այդ հարցը սադրանք չընդունեցի, հարց էր, որին պետք էր պատասխանել: Ադրբեջանի ժողովուրդը նույնպես հետաքրքված է: Հանրությունը նույնպես իրավունք ունի իմանալ՝ մենք ինչ ենք մտածում, ինչպես մենք կուզենայինք իմանալ՝ իրենք ինչ են մտածում», - ասաց Հակոբյանը:
Հիշեցնենք՝ Ալմաթիում Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումի ժամանակ ի պատասխան ադրբեջանցի լրագրողի դիտարկմանը, թե «Կանայք հանուն խաղաղության» արշավով Աննա Հակոբյանը խաղաղության մասին է խոսում, մինչդեռ իր որդին ծառայում է Արցախի սահմանին, իսկ վարչապետ Փաշինյանն Արցախում շուրջպար է բռնում, Աննա Հակոբյանը նշել է, որ պատերազմը Արցախում չի ավարտվել, հակամարտությունը շարունակվում է։
«Այո, Արցախում պատերազմը չի ավարտվել և հենց դա է պատճառը, որ այսօր իմ որդին ծառայում է Արցախում՝ սահմանին։ Սակայն ես այստեղ եմ խաղաղություն տարածելու», - նշել էր Հակոբյանը: