Բավական է Հենրիխ Մխիթարյանի այց Բաքու, որ ցույց տա՝ Ադրբեջանը որևէ կերպ խաղաղության ու երկխոսության չի պատրաստվում. Ադրբեջանագետ
29/05/2019 11:34

Բավական է Հենրիխ Մխիթարյանի այց Բաքու, որ ցույց տա՝ Ադրբեջանը որևէ կերպ խաղաղության ու երկխոսության չի պատրաստվում. Ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան կարծում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իրավացի էր, որ չմեկնեց Բաքու։

«Առաջին դեպքը չէր, որ Մխիթարյանը պետք է գնար Բաքու խաղալու ու չի գնացել», - ասաց նա։

Ադրբեջանագետի խոսքով՝ տարբեր երկրներից Մխիթարյանի երկրպագուներին ադրբեջանական վիզա չտրամադրելը նույնպես խոսում է Ադրբեջանում հայատյացության մասին։

«Ես հակված չեմ մտածել, որ այդ մարդիկ էին Ադրբեջանի համար գլխացավանք, որ կարող էին լինել ինչ-որ լրտեսներ կամ վտանգ ներկայացնել, ես հակված եմ հակառակը մտածել, որ Ադրբեջանի իշխանությունները որոշեցին դա՝ չկարողանալաով ապահովել այդ մարդկանց անվտանգությունը իրենց հասարակ քաղաքացիներից», - նշեց Անժելա Էլիբեգովան։

Ադրբեջանագետն ասաց, թե վերջին ժամանակներում Ադրբեջանն ու Հայաստանը շեշտում են, որ պատրաստ են ու պետք է հասարակություններին պատրաստել խաղաղության ու իջեցնել իրար հանդեպ ագրեսիվ դրսևորումները։

«Բայց բավական է Հենրիխ Մխիթարյանի այց Բաքու, որ ցույց տա՝ դա բացարձակ սուտ է, ու Ադրբեջանը որևէ կերպ խաղաղության ու երկխոսության չի պատրաստվում, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի», - ասաց Ա. Էլիբեգովան։

Հիշեցնենք՝ Բաքվում այսօր կայանալու է Եվրոպայի Լիգայի եզրափակիչ հանդիպումը «Չելսիի» ու «Արսենալի» միջև։ «Արսենալը» պաշտոնապես մայիսի 21-ին հայտարարեց, որ Մխիթարյանը չի մեկնի Բաքու։

«Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք Մխիթարյանի մասնակցության բոլոր տարբերակները, բայց նրա և նրա ընտանիքի հետ քննարկումներից հետո որոշել ենք, որ Միկին չի մեկնի թիմի հետ Բաքու», - հայտարարություն էր տարածել «Արսենալը»։