30/05/2019 18:05
Էպիլեպսիա ունեցող երեխաները շատ խելացի և ադեկվատ են, հիվանդությունը չի փոխում նրանց ինտելեկտը. Ելենա Բաղդասարյան (Տեսանյութ)
Այսօր՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, «Կյանքի ճանապարհ» բարեգործական կազմակերպությունն էպիլեպսիայով հիվանդ երեխաների համար «Արաբկիր» բժշկական համալիրի բակում տոնական միջոցառում էր կազմակերպել: Ծրագրին մասնակցում էին բժշկական հաստատությունում հաշվառված, նյարդային և էպիլեպտիկ խնդիրներ ունեցող բազմաթիվ երեխաներ։ Նրանց ուրախ ժամանցն ապահովվում էին ծաղրածուներն, աճպարարները, նկարիչ-անիմատորները և հեքիաթների կերպարները:
Մինչ բուն միջոցառման մեկնարկը «Կյանքի ճանապարհ» բարեգործական ՀԿ-ի նախագահ Ելենա Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց հիմնադրամի առաքելությունն է օգնել էպիլեպսիա ունեցող յուրաքանչյուր երեխայի։
Նա հատկանշական համարեց, որ միայն «Արաբկիր» ԲԿ-ի նյարդաբանական բաժանմունքում հաշվառված է էպիլեպտիկ խնդիրներով շուրջ 3500 երեխա։
Ելենա Բաղդասարյանի խոսքով՝ նրանք շատ խելացի և ադեկվատ երեխաներ են, էպիլեպսիան չի փոխում վերջիններիս ինտելեկտը։
«Ցավոք, այս երեխաների 60 տոկոսը լքված են հայրերի կողմից, և միայնակ մնացած մայրերը չեն կարողանում պատշաճ հոգ տանել փոքրիկներին։ Մայրիկները ֆինանսական, բարոյական և սոցիալական առումներով զրկված են օգնությունից։ Այդ է պատճառը, որ ես կոչ եմ անում հայ տղամարդկանց չլքել սեփական երեխաներին, չմտածել, որ էպիլեպսիա ունեցող երեխա ունենալն ամոթ է, որ դա դատավճիռ է, որ կյանքը կանգ է առել։ Միաժամանակ կուզեի ասել՝ եթե ոմանց թվում է՝ էպիլեպսիկ երեխա ծնվում է միայն մոր գեների պատճառով, ապա դա այդպես չէ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիվանդությունը կարող է ժառանգվել և՛ հայրիկներից, և՛ մայրիկներից։
Խնդրից պետք չէ փախչել, այն պետք է հաղթահարել, բայց հաղթահարել միասին։ Այլապես միայնակ մայրը կոտրվում է և կորցնում է պայքարելու ուժը»,- ասաց Ելենա Բաղդասարյանը՝ շեշտելով, որ բացառությամբ հատուկենտ դեպքերի՝ էպիլեպսիան լիովին վերահսկելի, բուժվող հիվանդություն է։
Բարձրորակ դեղամիջոցները երեխաներին թույլ են տալիս ապրել լիարժեք կյանքով և ոչնչով չտարբերվել իրենց հասակակիցներից։
Միջոցառմանը մասնակցող երեխաներից մեկի տատիկն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում խիստ դրական գնահատեց առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար ժամանակ առ ժամանակ նման ուրախ միջոցառումներ կազմակերպելու հանգամանքը։
«Շատ ուրախ եմ, որ նման միջոցառումներ են կազմակերպվում, շատ հաճելի է, որ մեր երկրում կան երեխաներին ժպիտ պարգևելու պատրաստ բարի մարդիկ», - ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հույսն ու հավատը երբեք չպետք է կորցնել՝ հավատալով, որ երեխաները մի օր անպայման կառողջանան։
Լավատեսական տրամադրությամբ մեզ հետ կիսվեց նաև «Արաբկիր» ԲԿ-ում հաշվառված 17-ամյա Վիոլետայի մայրիկը։ Նա էպիլեպսիա ունեցող երեխաների ծնողներին խորհուրդ տվեց անել հնարավոր ու անհնար ամեն բան՝ ապահովելու վերջիններիս լիարժեք կյանքը։
«Պետք է պահը բաց չթողնել։ Իմ աղջիկն արդեն 17 տարեկան է, հիվանդությունը նրա մոտ մտավոր զարգացման խնդիրներ է առաջացրել։ Երևի ինչ-որ տեղ ինչ-որ բան բաց ենք թողել։ Բայց մյուս ծնողները չպետք է հուսահատվեն», - ասաց նա։