06/06/2019 12:12
ԱԳՆ և դեսպաններին ուղղված հարցերը ինձ մի սքեչ են հիշեցնում՝ «ուրի՞շ հերոս չեք ճանաչում». նախարար
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին դեսպանությունների աշխատանքներից դժգոհությունները հայտնի հումորային սքեչ են հիշեցնում:
«Երբ դուք ասում եք՝ ինչո՞վ պիտի զբաղվեն ու ինչո՞վ են զբաղվում դեսպանները, սովորաբար ինձ մոտ պահ է լինում, որ հիշում եմ հայտնի սքեչը՝ «ուրի՞շ հերոս չեք ճանաչում», կարծես բոլոր հարցերով դեսպաններն ու ԱԳՆ են զբաղվում՝ սկսած քրեականից վերաջացրած տնտեսական և մնացած հարցերով։ ԱԳ նախարարությունն ու մեր դեսպանությունները չափազանց կարևոր գործառույթ են իրականացնում՝ ներկայացնել ՀՀ-ն տվյալ երկրում», - ասաց Մնացականյանը՝ պատասխանեով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե դեսպանատները կարծես բավարար ջանքեր չեն գործադրում հայ համայնքի ինտեգրման նպատակով։
Նախարարը նկատեց, որ դեսպաններն ունեն բնականոն աշխատելու ձևաչափ, ինչը ձևավորված ավանդույթ է։
Պատգամավորը հակադարձեց՝ նշելով, թե ցավում է, եթե խնդիրները ակնհայտ չեն ու եթե ԱԳ նախարարությունը կարծում է, թե դեսպաններն իդեալական են կատարում իրենց աշխատանքը։
«Եթե դուք գտնում, եք, որ բոլոր դեսպաններն իրենց առաքելությունն իրականացնում են 5 ու խաչ, դա վտանգավոր եզրույթ է։ Տարբեր երկրների հայ համայնքներում դժգոհություններ կան դեսպանատների աշխատանքից։ Եթե չգիտեք, կարող ենք հրապարակայնացնել», - նկատեց Բագրատյանը։