06/06/2019 18:30
Մանվել Գրիգորյանը հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից և դեղամիջոցներ ընդունելուց. ՄԻՊ
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն և հիմա հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Մանվել Գրիգորյանին, երբ «Նաիրի» ԲԿ-ից քրեակատարողական հիմնարկ էին տեղափոխում, տեղեկությունը ստանալու առաջին պահից սկսած, հարցը եղել է մեր ուշադրության ներքո: Իմ ներկայացուցիչները իրականացրել են այցեր, փաստաբանի հետ կապի մեջ են եղել, ես ինքս էլ խոսել եմ փաստաբանի հետ: Մեր նպատակն այս ընթացքում հատկապես առողջական վիճակի հետ կապված հարցերը պարզելն էր: Կարող եմ ասել, որ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն, հիմա հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից, հրաժարվում է նաև դեղամիջոցներ ընդունել», - ասաց ՄԻՊ-ը:
Նա նկատեց, որ ՄԻՊ ներկացուցիչները դեռ երեկ են այցելել Գրիգորյանին, իսկ այսօր Թաթոյանն անձամբ արդարադատության նախարարին ուղղված նամակով հարցեր է առաջադրել՝ հետաքրքրվելով՝ քրեակատարողական հիմնարկի պայմաններում կա՞ն հնարավորություններ Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու:
Հարցին՝ որքա՞ն պետք է վատանա Գրիգորյանի ինքնազգացողությունը, որ վերջինիս խափանման միջոցը փոխվի՝ Թաթոյանը պատասխանեց.
«Եթե մեր գործընկերների հետ աշխատանքի արդյունքում հանգենք այն եզրակացության, որ կա անհամատեղելիության հարց, կբարձրաձայնենք»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, որի վերակենդանացման բաժանմունքում Գրիգորյանը ինտենսիվ բուժում է ստանում: