10/06/2019 16:36
Իմ հրաժարականը Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ չէր. Արտակ Զեյնալյան
Այսօր, երբ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երկրորդ անգամ եկավ Ազգային ժողով, լրագրողները պնդեցին հարցը՝ այդուհանդերձ, ի՞նչ պատճառով նա հրաժարական տվեց և ի վերջո, ի՞նչ նկատի ունի տեղեկատվական հոսքեր ասելով:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Զեյնալյանը լրագրողներին ասել էր, որ տեղեկատվական հոսքերը գնահատելով է հրաժարականի դիմում ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա այլ հարցերի չէր պատասխանել ու շտապ հեռացել էր:
«Ես, գնահատելով հրապարակումները և տեղեկատվական հոսքերը, հանգել եմ եզրակացության, որ պետք է ներկայացնեմ հրաժարականի դիմում: Այն, ինչ հրապարակվել է, ինչ շրջանառվել է, դա հանգեցրել է հրաժարական ներկայացնելու եզրակացությանը», - լրագրողների պնդող հարցերին ի պատասխան հայտարարեց Արտակ Զեյնալյանն՝ ընդգծելով, որ իր հրաժարականը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ չի եղել:
Նրա խոսքով, ինքը վերլուծել է բոլոր դժգոհությունները՝ անկախ այն բանից՝ դրանք օբյեկտի՞վ են, թե՞ սուբյեկտիվ, հիմնավորվա՞ծ են, թե՞ անհիմն և հետո միայն հրաժարական ներկայացրել:
Դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ դատարաններն արգելափակելու ակցիան է նրա մոտ դժգոհություն առաջացրել, ինչն էլ հրաժարական տալու հիմք է եղել, Զեյնալյանն արձագանքեց.
«Այդ ակցիայի հետ կապված ես տվել եմ պարզաբանում, դա համընկել է Նիկոլ Փաշինյանի պարզաբանման հետ, որը մասնավորապես հետևյալն է՝ դատական իշխանության կողմից իրականացված գործողությունները, որոշումները նույնականացվել են գործադիր իշխանության հետ: Սա նաև նպատակ է հետապնդում տարանջատվելու դատական իշխանությունից և ցույց տալու, որ դրանք գործում են ոչ գործադիր իշխանության ներքո»: