Խաժակյանի մերձավորի հետ կատարված դեպքի հետքերով ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել խոշտանգման և ևս երկու հոդվածով
12/06/2019 19:22

Խաժակյանի մերձավորի հետ կատարված դեպքի հետքերով ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել խոշտանգման և ևս երկու հոդվածով

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի մերձավորին մի քանի օր առաջ Երևանում ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու դեպքով Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանքներ են առաջադրվել երկու ոստիկանի, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Ոստիկաններին մեղադրանքներն առաջադրվել են ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածներով՝ խոշտանգման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Ըստ աղբյուրի, միջնորդություններ են ներկայացվել դատարան ոստիկաններին կալանավորելու համար, սակայն դրանցից միայն մեկն է բավարարվել. մի ոստիկանը կալանավորվել է, մյուսը՝ ոչ:

Ավելի վաղ, կատարվածի մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր հենց Խաժակյանը:

«Այս գործում խմբային շահերի ազդեցության ռիսկը բարձր է, բայց, միևնույն ժամանակ, համոզված եմ, որ որևէ մեկը չի խուսանավի պատասխանատվությունից և գործի թե՛ անմիջական, թե՛ հընթացս ներգրավվածներն՝ անկախ իրենց զբաղեցրած դիրքից, կբացահայտվեն», - իր ֆեյսբուքյան էջում գրել էր Խաժակյանը:

Նկատենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքով խոշտանգման հոդվածը 2015թ.-ից է տարածվել նաև պաշտոնյաների վրա:

Այդ հոդվածով Հայաստանում պաշտոնյաների նկատմամբ, սովորաբար, մեղադրանք չէր առաջադրվում:

Խաժակյանի մերձավորի հետ կատարված դեպքի հետքերով ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել խոշտանգման և ևս երկու հոդվածով