12/06/2019 20:06
Տեսչական մարմինը Արսեն Թորոսյանի հայտարարությունը «բացառապես հուզականության դաշտում արված, էժանագին շահարկում» է որակել
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «հուզականության դաշտում արված էժանագին շահարկում» է որակել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արձագանքը՝ կապված «Գարդասիլ» պատվաստանությունը հեռուստաեթերով գովազդելու կապակցությամբ բժիշկ Վահե Տեր-Մինասյանին տուգանելու տեսչական մարմնի որոշման հետ:
«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությանն՝ անհեթեթ մեղադրանքներ ներկայացնելով տեսչական մարմնի կողմից որոշ հանրային առողջապահական ծրագրերի, իբր, խոչնդոտելու վերաբերյալ:
Ցավում ենք, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը, որին վստահվել է ոլորտային քաղաքականության մշակման պատասխանատվություն, դիմում է նման էժանագին և մանիպուլյատիվ շահարկումների, չբերելով ոչ մի հստակ փաստարկ և դիրքավորվելով բացառապես հուզականության դաշտում:
Իսկ իրականում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր ողջ մասնագիտական ներուժով աջակցում է բոլոր այն հանրային առողջապահական ծրագրերին, որոնք իրականցվում են պահպանելով մեր երկրի գործող օրենսդրությունը, չեն պարունակում մեր հայրենակիցների առողջությանն անդառնալի վնասներ հասցնելու հնարավոր ռիսկեր և ունեն պատշաճ ապացուցողականություն և գիտական հիմնավորվածություն:
ՀՀ առողջապահության նախարարը, տիրապետելով նախնական տեղեկատվության, որ մեր մարմինը, օրենքով սահմանված կարգով և ամբողջությամբ իր լիազորությունների շրջանակներում, այս պահին իրականացնում է վարչական վարույթներ հանրապետության գրեթե բոլոր մարզերում և Երևան քաղաքում, որի շրջանակներում ուսումնասիրվում է իմունոկանխարգելման գործընթացի կազմակերպման ողջ շղթան, և, հավանաբար , գիտակցելով հայտնաբերված խախտումների համար պատասխանատվության իր բաժինն ունենալու հետևանքների բեռը՝ որպես այդ գործնթացի կազմակերպման պատասխանատու, փորձում է «կանխարգելիչ հարվածներ» հասցնել տեսչական մարմնին և թույլ չտալ ավարտին հասցնել վարույթները:
Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը չի կաշկանդվելու որևէ հրապարակումից կամ կադրային փոփոխությունների սպառնալիքից և իրականացնելու է իր առաքելությունը՝ մնալով բացառապես գործող օրենսդրության շրջանակներում: Մենք խորապես գիտակցում ենք այն պատասխանատվության բեռը, որը դրված է տեսչական մարմնի վրա, որպես առողջապահության և աշխատանքի անվտանգության ոլորտներում վերահսկողություն իրականացնողի, և մեր ողջ գործունեությունը միտված է պաշտպանելու ազգաբնակչության առողջ և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքը, եթե նույնիսկ դրա համար անհրաժեշտ է լինում պարբերաբար սթափեցնելով որոշ արկածախնդիրների և ստիպել նրանց հարգել մեր երկրի օրենսդրությունը և դուրս չգալ նրա սահմաններից:
Տեղեկացնում ենք նաև, որ հաշվի առնելով հայտաբերված խախտումների մեջ առերևույթ հանցակազմի առկայության նշանները, նյութերը կուղարկվեն նաև իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու նպատակով», - նշված է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Ազատության» հետ զրույցում Արսեն Թորոսյանն անդրադառնալով տեսչական մարմնի որոշմանը՝ հայտարարել էր.
«Շատ անհեթեթ վարչական վարույթ է, իմ կարծիքով, որովհետև նույն տրամաբանությամբ ինձ էլ կարող էին տուգանել, որովհետև ես էլ եմ շատ հաճախ խոսում այդ մասին։ Ես ու հարյուրավոր մարդիկ խոսել ենք այդ մասին թե՛ եթերում, թե՛ եթերից դուրս։ Ես կարծում եմ, որ դա տեսչական մարմնի կողմից արված միտումնավոր քայլ էր՝ մեր հանրային առողջապահական ծրագրերին դեմ»։