ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցը. Թեկնածուն Վահե Գրիգորյանն է
18/06/2019 10:53

ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցը. Թեկնածուն Վահե Գրիգորյանն է

Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Թեկնածուն Վահե Գրիգորյանն է, որին առաջադրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
 
Թեկնածուն նախ նկատեց, որ այս ամբիոնից երկրորդ անգամ է խոսում, հետո ներկայացրեց Սահմանադրական դատարանի գործունեության իր տեսլականը: Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը ամենաշատ քննադատվածն է դատական իշխանության համակարգում: 
 
«Ես կարծում եմ, որ այս պահին ամենաանպտուղ գործն է, որ մենք շարունակենք այդ քննադատությունը, եթե չկա կոնկրետ գործողությունների ծրագիր՝ հանրության մոտ Սահմանադրական դատարանի նկատմամբ վստահությունը բարձրացնելու ուղղությամբ», - հայտարարեց Վահե Գրիգորյանը:
 
Թեկնածուն նշեց, որ Սահմանադրական դատարանը առավել թիրախավորվել է ընտրական վեճերի քննության ժամանակ: Նրա ներկայացմամբ ՍԴ-ն իրեն հեռացրել է փաստերը քննելու իր սահմանադրական լիազորությունների իրագործման կարգավիճակից, ինչի արդյունքում ընտրական վեճերի հարցերով այլ ատյանների կողմից կայացված որոշումների հիման վրա է կազմել իր դատողությունները:
 
«Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը շարունակաբար հրաժարվել է ընտրական վեճերով համակարգային խախտումները քննության առարկա դարձնել», - հավելեց Գրիգորյանը:
 
Ներկայացնելով ՍԴ-ի կազմավորման իր տեսլականը, Գրիգորյանն ասաց, որ ՍԴ-ի կազմավորման հարցում պետք է ներգրավված լինեն Հայաստանի տարբեր հատվածների ներկայացուցիչներ: «Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի նախագահի կողմից առաջադրվող երեք թեկնածուներից մեկը պետք է առաջադրվի Հայաստանից, մյուսը՝ Արցախից, իսկ երրորդը՝ Սփյուռքից: Սահմանադրական դատարանը կարող է և պետք է դառնա այն միավորող ատյանը, որը իր մեջ կարող է ներառել այս բոլոր հատվածները: Այս ուղղությամբ որևէ անհնարին բան չկա», - հայտարարեց Գրիգորյանը:
 
Նշենք, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ անդամի թափուր մնացած պաշտոնում մեկ անգամ արդեն ներկայացվել է Ազգային ժողովին: Դա 6-րդ գումարման խորհրդարանում էր, երբ մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը տապալեց քվեարկությունը, և Գրիգորյանը չընտրվեց: Շուրջ մեկ տարի է՝ խորհրդարանին չի հաջողվում Սահմանադրական դատարանի դատավոր ընտրել: Դրանից հետո ՀՀ նախագահի կողմից ներկայացվող բոլոր թեկնածուները հանդիպում էին խորհրդարանական մեծամասնության դիմադրությանը, և ընտրությունը ձախողվում էր:
 
Վերջապես ՀՀ նախագահն ընդառաջ գնաց ու ՍԴ թեկնածուի նախորդ ընտրությունից մի քանի օր անց ԱԺ նախագահին ներկայացրեց Գրիգորյանի թեկնածությունը: Այս ընտրությունը լինելու է ՍԴ անդամի 6-րդ ընտրությունը և, ամենայն հավանականությամբ, վերջինը:
ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցը. Թեկնածուն Վահե Գրիգորյանն է