18/06/2019 16:32
Եթե մի քվեարկությամբ գուժելու եք մեր խմբակցության վախճանը, ձեզ լուսավորեմ՝ նման բան չի լինելու. Էդմոն Մարուքյան
Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջադրված թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրության հարցում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ազատ է քվեարկում, այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Պատգամավորներ կան, որ կոնկրետ սկզբունքային պահանջներ ունեն, պատգամավորներ կան այլ սկզբունքային պահանջներ ունեն», - բացատրեց Մարուքյանը:
Նա հավաստիացրեց, թե չի լսել իրենց խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթը՝ պատճառաբանելով, որ հանդիպման է եղել.
«Տեղեկացված եմ, որ պետք է ելույթ ունենար և այդ ելույթը կարող էր տարբերվել մեր ելույթներից, նկատի ունեմ՝ Տարոն Սիմոնյանի ելույթից»:
Նա նկատեց, որ ամեն դեպքում թե՛ Բաբաջանյանը, թե Սիմոնյանը խոսել են նոր Հայաստանի մասին, իսկ նոր Հայաստանն այն Հայաստանն է, որտեղ օրենքներն ու Սահմանադրությունը պահպանվում են:
Թե ինչպե՞ս է վերաբերում, որ իր ղեկավարած խմբակցության պատգամավորին իշխանական պատգամավորները ծափահարել են, Մարուքյանը հարցով պատասխանեց՝ «ե՞րբ են ծափահարել»: Նա կրկնեց, որ չի նայել ելույթը: Մարուքյանի կարծիքով, նույն խմբակցությունում կարող են լինել բոլորովին հակադիր կարծիքներ ունեցող պատգամավորներ:
«Այո՛, կարող են լինել տարբեր իրավիճակներ, որ մարդիկ ունենան տարբեր կարծիք, իսկ մենք էդ տարբեր կարծիքները միշտ հարգել ու հարգում ենք: Իսկ դուք կարծու՞մ եք, որ ֆրակցիաները դիկտատուրական կառույցներ են, և «վոժդը» ոնց որոշում ա, տենց քվեարկո՞ւմ են: Եթե մի քվեարկությամբ գուժելու եք մեր խմբակցության վախճանը, ձեզ լուսավորեմ՝ նման բան չի լինելու», - ասաց նա:
Նա չմանրամասնեց՝ կա՞ խմբակցությունում այլ պատգամավոր, որ նույնպես կողմ է Գրիգորյանի թեկնածությանը, միայն նշեց, որ այլ կարծիքներ ունեցողներ ևս կան:
«Ցանկացած քվեարկություն մենք քննարկում ենք՝ ունենա՞լ միասնական դիրքորոշում, թե՞ ազատ թողնել՝ հաշվի առնելով դիրքորոշումների տարբերությունը», - ասաց Մարուքյանը:
Նկատենք, որ Արման Բաբաջանյանն իր ելույթում պաշտպանել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունը ու ասել, որ երեկվա ու վաղվա միջև ինքն ընտրելու է վաղը: