19/06/2019 16:25
Վերաքննիչ դատարանում բողոքների քննությունը կշարունակվի հունիսի 20-ին
Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով դատական նիստը այսօր հետաձգվեց և կշարունակվի հունիսի 20-ին՝ ժամը 14:00-ին: Այսօրվա դատական նիստում վերաքննիչ բողոքները ներկայացրին դատախազական կազմը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
Վաղվա նիստում պաշտպանական կողմը կներկայացնի բողոքների վերաբերյալ իր առարկությունները։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը և տուժողի ներկայացուցիչը բողոքարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և քրեական գործի վարույթը կասեցնելու ու Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
Կողմերը պնդեցին իրենց բողոքներում ներկայացված պահանջը՝ նշված որոշումը բեկանելու և Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին։
Ներկայացված բողոքին միացան նաև մարտի 1-ի զոհերի հարազատները, տուժածները։