27/06/2019 19:27
Նվազագույն աշխատավարձը ոչ թե 68, այլ առնվազն 110 հազար դրամ պետք է սահմանվի. տնտեսագետ
Ողջունելի է, երբ կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնել՝ հասցնելով 68 հազար դրամի։ Դա համահունչ է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջին. նվազագույն աշխատավարձը պետք է բարձրացվի՝ գնաճին համապատասխան, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Մովսես Արիստակեսյանն՝ անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում նման առաջարկ հնչեցնելուն։
«2015 թվականից ի վեր՝ Հայաստանում նվազագույն աշխատավարձը չի բարձրացել՝ մնալով 55 հազար դրամ, իսկ գնաճն այս ընթացքում կազմել է 10-12 տոկոս։ Նշված պայմաններում նվազագույն աշխատավարձի բարձրացումը նորմալ եմ համարում։ Այդուհանդերձ, ինչպես նախկին շեմն, այնպես էլ սահմանվելիք չափը բոլորովին չեն համապատասխանում ներկա սոցիալ-տնտեսական պայմաններին։
ՀՀ քաղաքացու պարենային նվազագույն զամբյուղի և սպառողական զամբյուղի արժեքը միասին վերցրած կազմում է 110 հազար դրամ։ Առնվազն այսքան գումար է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք հոգալ ոչ միայն որովայնի խնդիրներն, այլև մարդավայել հասարակության մեջ դուրս գալ և որպես քաղաքացի կարողանալ օգտվել նվազագույն ծառայություններից՝ կոմունալ հարմարություններ և այլն», - ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ արդյոք հայաստանյան տնտեսության մեջ առկա՞ են բավարար ռեսուրսներ, որոնք թույլ կտան նվազագույն աշխատավարձի շեմ սահմանել 68 հազար կամ առավել ևս 110 հազար դրամը, Մովսես Արիստակեսյանը շեշտեց՝ նման ռեսուրսներ ներկայումս չկան, սակայն դա պետության թերացումն է։
Տնտեսագետը՝ որպես խնդրի լուծման տարբերակ, նշեց տարբերակված եկամտահարկի գանձումը։
«Կարծում եմ՝ այս առումով Ազգային ժողովում շատ սխալ որոշում կայացվեց։ Եկամտահարկի համահարթեցմամբ խթանվեց բարձր աշխատավարձ ստացողների՝ պետբյուջե քիչ քանակությամբ հարկ վճարելը։ Համահարթեցման պարագայում պետական բյուջեն մեծ վնասներ է կրում։ Այնինչ գումարները կարող էին ուղղվել սոցիալական մի շարք խնդիրների լուծմանը», - ասաց Մովսես Արիստակեսյանը։
Հիշեցնենք, որ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազադատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 55 հազար դրամի փոխարեն 63 հազար, այնինչ, կառավարությունն առաջարկում է, որ այն սահմանվի 68 հազար դրամ։