09/07/2019 11:40
Եթե բնակչությունը հասկանա, որ Շտապօգնությունը պետք է սպասարկի բնակչին միայն անհետաձգելի դեպքերում, մեր աշխատանքն այդքան ծանր չի լինի. Թագուհի Ստեփանյան
Երևանի Շտապօգնության ծառայության պարկը թարմացվել է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
«Մեզ տրամադրվել է 49 մեքենա, այսօր գծում աշխատում է 35 մեքենա, որին ավելանում է նաև մեկ հոգեբուժական, մեկ ֆելշերական բրիգադ», - ասաց նա։
Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ մոտ մեկ ամսից բրիգադները կավելանան։
«Քաղաքում կգործի հիսուն բրիգադ», - նշեց նա։
«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենն ասաց, որ շաբաթ-կիրակի օրերին կանչերի թիվն ավելանում է։
«Օրինակ՝ հուլիսի 8-ին մեր կանչերի թիվն ավելացել է, օրական դարձել է 749, իսկ հունիսին օրական սպասարկել ենք 650, 620 կանչ», - ասաց նա։
Թագուհի Ստեփանյանն ընդգծեց՝ եթե բնակչությունը հասկանա, որ Շտապօգնությունը պետք է սպասարկի բնակչին միայն անհետաձգելի դեպքերում, իրենց աշխատանքն այդքան ծանր չի լինի։
«Բայց մենք կանչը մերժելու տարբերակ չունենք, ու մենք պետք է անպայման սպասարկենք յուրաքանչյուր ստացված կանչ, բայց բնակիչն էլ պետք է գիտակցի՝ որ դեպքում կանչել շտապօգնությունը։ Մարդ պետք է հասկանա, որ շտապօգնությունը անհրաժեշտ է այն մարդկանց, ում կյանքին վտանգ է սպառնում», - ասաց նա։