17/07/2019 12:55
Եթե այնպիսի բան է արվում Հայաստանում, որ մտահոգիչ է, ապա Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ մտահոգիչ է. ոչ մեկ չի ազդում այդ կառույցի վրա. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ի գերագույն դատարանի շրջակայքից հեռարձակած իր ուղիղ եթերում անիմաստ է որակել Հայաստանում նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից հրապարակած Վենետիկի հանձնաժողովի ոչ պաշտոնական արձանագրության շուրջ քննարկումները։
«Պատմական շատ կարևոր կառույցի մոտ որոշեցի մի քանի մտորումներ ներկայացնել՝ կապված Հայաստանում վերջին անիմաստ քննարկման վերաբերյալ: Խոսքը վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը, արձանագրությունից հետո եղած հարցուպատասխանին և քննարկումներին, երբ իրավաբանները բաժանվել են երկու մասի: Մի մասը ասում է՝ ո՞վ է Վենետիկի հանձնաժողովը, որ մեզ բան ասի, մյուս մասն ասում է, որ Վենետիկի հանձնաժողովը նման բան չի ասել: Իշխանամերձ էքսպերտներն էլ պնդում են, որ հանրապետականներն են այնպես արել, որ Վենետիկի հանձնաժողովը մեր դեմ խոսի», - իր ուղիղ եթերում ասել է Մարուքյանը:
Նա նկատել է, որ Հայաստանում տեղի ունեցած գործողությունները, որոնք օրինական չեն եղել, մասնավորապես դատարանների մուտքերն արգելափակելը, իր ղեկավարած ուժը քննադատել է, ասել է՝ սխալ է։
«Ոչ մի հանրապետական, ոչ մի կուսակցություն, որևէ մեկը ազդեցություն չունի Վենետիկի հանձնաժողովի և նմանատիպ կառույցների վրա՝ մենք սխալ ենք անում, հանձնաժողովն արձանագրում է այդ սխալը: Մենք այնպիսի բան ենք անում, որ մտահոգիչ է, կառույցն ասում է՝ մտահոգիչ է: Վերջին գործողությունները եղել են մտահոգիչ, հանձնաժողովն ասել է, որ այդ գործողությունները մտահոգիչ են», - ասել է Մարուքյանը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաև վեթինգի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությանը՝ նշելով, թե այդ ինչպե՞ս եղավ, որ նույն Վենետիկի հանձնաժողովը Ալբանիայում վեթինգն աջակցել է, իսկ Հայաստանի պարագայում ասում է՝ բոլոր դատավորների վեթինգն անթույլատրելի է։ Դրա պատճան, ըստ ընդդիմադիր պատգամավորի, այն է, որ Հայաստանում ամեն մարդ իր գործով չի զբաղվում:
«Այդ մարդկանց տարատեսակ մեկնաբանությունները, դիլետանտական մոտեցումները բերեցին նրան, որ մենք ունեցանք այդ եզրակացությունը վեթինգի հետ կապված: Մինչդեռ վեթինգը հենց վարչապետի հայտարարած առաջնահերթությունն էր և պետք էր, որ իշխանություններն ամեն ինչ անեին, որ այդ նախագիծը պատրաստվեր, ներկայացվեր կամ եթե ասվեց, որ նախագծով չենք անում, առանձին մարմին չենք ստեղծում, ուրեմն դա վեթինգ չէր ի սկզբանե», - նշել է Մարուքյանը: