18/07/2019 11:24
Կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության. Վարչապետն՝ Իջևանում տեղի ունեցածի մասին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ Իջևանում տեղի ունեցած դեպքին:
«Իջևանում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել, ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպած ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին ու մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին, 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք, բարեբախտաբար, ոչ շատ ծանր, երկու քաղաքացի է մարմնական վնասվածք ստացել», - ասաց նա:
Վարչապետն ընդգծեց՝ ապօրինի ծառահատումներ իրականացնող անձիք ցանկանում են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը:
«Միանգամից ասեմ, որ կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության», - ասաց նա:
Փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը տեղեկացրեց, որ մոտ 500 անձի կողմից մի քանի անգամ փակվել է ճանապարհը:
«18:00-ի շրջանակներում, չենթարկվելով ոստիկանության պահանջներին, ոստիկանությունը օրենքի շրջանակներում պատնեշ էր կազմել ու ուզում էինք բացել փողոցները, տեղի ունեցավ բախում ու քարերով, փայտերով, մահակներով վնասվածքներ են պատճառել մեր ոստիկաններին», - ասաց նա:
Փոխոստիկանապետը նշեց, որ ութ հոգի այժմ հոսպիտալացված է ոստիկանության հոսպիտալում, վիճակները բավարար է:
«Երկուսը կմնան, վեցը կանցնեն ամբուլատոր հսկողության», - ասաց նա:
Փոխոստիկանապետի խոսքով՝ այս պահին իրավիճակը վերահսկելի է, ճանապարհները բաց են, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Վարդան Մովսիսյանը ներկայացրեց, որ 19 հոգի է բերման ենթարկվել, որոնցից 13-ը ձերբակալվել է, իսկ մնացածը բաց են թողնվել ստորագրությամբ:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ շուրջ 36 հոգի պետք է բերման ենթարկվեր:
«Մյուսներն ո՞ւր են», - հարցրեց վարչապետը:
Փոխոստիկանապետն էլ ի պատասխան ասաց, որ գիշերն իրականացրել են օպերատիվ գործողություններ, հասցեներով խմբեր են գնացել, սակայն շատերը տեղում չեն եղել, բացակայել են բնակության վայրից:
«Հիմա աշխատանքներ են տարվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ», - ասաց նա:
Մովսիսյանը բացառեց նրանց՝ հանրապետության տարածքը լքելու փաստը:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն էլ ասաց, որ քրգործի շրջանակում 13 անձ է ձերբակալվել, ներկայում միջոցառուներ են ձեռնարկվում մյուս անձանց տվյալները ճշտելու ուղղությամբ: