18/07/2019 12:21
Տեսչական մարմիններին ծառայողական մեքենաներ տրամադրելու հարցը լուծվեց
Կառավարությունը սահմանեց Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության, ինչպես նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակները:
Մեկական ավտոմեքենա կհատկացվի տեսչական մարմիններին՝ պաշտոնատար անձանց սպասարկման համար, իսկ մնացած ավտոմեքենաները կարող են ծառայել բացառապես տեսչական մարմինների գործառույթներից բխող պարտականությունները իրականացնելու համար։
Արդյունքում, տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալ չեն ունենալու սպասարկող ծառայողական ավտոմեքենաներ։
Նախագծով սահմանվում են յուրաքանչյուր տեսչական մարմնի կողմից վերահսկողական և մյուս լիազորություններն առավել արդյունավետ և օպերատիվ իրականացնելու նպատակով օգտագործվող ավտոմեքենաների առավելագույն թիվը:
Սահմանաքանակները սահմանելիս իրականացվել է կարիքների գնահատում, հաշվի են առնվել տեսչական մարմինների կողմից փաստացի տնօրինվող ավտոմեքենաների թիվը և տեսչական մարմինների արդյունավետ գործունեության (ստուգումներ, վարույթներ, իրազեկման և կանխարգելիչ այլ աշխատանքներ) համար անհրաժեշտ նվազագույն քանակները՝ հաշվի առնելով նաև տվյալ մարմինների հիմնական մասնագիտական և տարածքային ստորաբաժանումների կողմից տարբեր վայրերում միաժամանակ իրականացվող գործողությունները:
Հիշեցնենք, որ այս հարցը ներառված էր կառավարության նախորդ նիստում, սակայն վարչապետ Նիկոլ Փաշնյանն այն հանել էր օրակարգից՝ առավել մանրամասն քննարկելու համար, որպեսզի իրենք իրենց արած հայտարարությունների հետ ունենան 100 տոկոս համապատասխանություն: