23/07/2019 18:34
Դատաիրավական բարեփոխումների շուրջ հայտարարությամբ հանդես եկած կուսակցությունները չունեն այն ռեսուրսային կշիռը, որ մտահոգություն ստեղծեն իշխանությունների համար. Քաղտեխնոլոգ
Արտախորհրդարանական յոթ քաղաքական ուժ հայտարարությամբ էին հանդես եկել՝ պահանջելով ԱԺ քաղաքական մեծամասնությունից և կառավարությունից հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից։
Aysor.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով այդ հայտարարությանն՝ ասաց, թե չի կարծում, որ այն կարող է իշխանությունների համար մտահոգիչ լինել։
«Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ընդդիմադիր լինելով ներկա իշխանություններին, ուզում էր հայտարարություն տարածել դատական համակարգի շրջափակման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ, բայց որպեսզի իր հայտարարությունը չընկալվեր որպես մեկ կուսակցության հայտարարություն և հնչեղությունն ապահովեր, իրեն միացրեց արդարադատության նախարարությունում գրանցված, սակայն փաստացի գոյություն չունեցող կուսակցությունների, որովհետև դրանց մեծ մասը մարդ-կուսակցություններ են։ Այդ հայտարարության հիմքում ՀՅԴ-ի որոշումն էր, մյուսները համաձայն են, ուղղակի ապահովվելու համար PR բազմազանություն», - ասաց Արմեն Բադալյանը։
Նա նշեց՝ չի կարծում, որ դա լուրջ մտահոգություն պետք է հասցնի իշխանություններին, թեև, քաղտեխնոլոգի խոսքով, այդ հայտարարության մեջ հնչեցրած տեսակետները բավականին ճիշտ էին։
«Նրանք հայտարարությունը մի քանի կուսակցությունով էին տարածել, որպեսզի լրատվամիջոցներում քննարկման առարկա դառնա։ Դա իրենց հաջողվեց», - ասաց Բադալյանը։
Դիտարկմանը, որ «Ժառանգություն» կուսակցությունն էլ իր հերթին էր առանձին հայտարարություն տարածել դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ, Արմեն Բադալյանն արձագանքեց.
«Իհարկե, կան ուժեր, որոնք այդ հարցում մտահոգիչ հարցեր են տեսնում և ճիշտ են անում, որովհետև դատաիրավական համակարգում իսկապես հուզող հարցեր կան։ Պարզապես ես ասում եմ, որ այս տեսքով խնդիրը բարձրացնելն իշխանության համար մտահոգիչ չէր։ Բայց իշխանությունը պետք է մտահոգվի, որ Հայաստանում ոչ միայն դատաիրավական համակարգում, այլև տարբեր ոլորտներում՝ սոցիալ-տնտեսական, գիտության, կրթության, արտաքին քաղաքականության, տեղական ինքնակառավարման մարմինների և տնտեսության զարգացման ընդհանրապես թվարկված և չթվարկված ոլորտներում զարգացման տեսլական, հայեցակարգեր ու ծրագրեր չկան։ Առանձին քննարկման առարկա է սա, որ առկա խնդիրները մտահոգիչ են։ Պարզապես այն կուսակցությունները, որ հայտարարությամբ հանդես են եկել, չունեն այն ռեսուրսային կշիռը, որպեսզի դրանով լրացուցիչ մտահոգություն ստեղծեն իշխանությունների համար։ Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությանը, ապա ցանկալի կլինի, որ «Ժառանգությունն» առաջին հերթին մտահոգվի իր կուսկցության կարգավիճակով և ապագայով, քան դատաիրավական բարեփոխումներով»։