Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
25/07/2019 16:52

Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Aysor.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:։

«Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով», - ասաց նա:

Նաիրա Հարությունյանը նշեց, որ Աղաբեկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) քրեական հետապնդում չի իրականացվել՝ համաներման ակտ ընդունվելու հիմքով:

Հիշեցնենք՝  Քննչական կոմիտեն առերևույթ չարաշահումներ էր արձանագրել «Մարտիկ» հիմնադրամում՝ 2012-2016թթ. ընթացքում, որոնց հետևանքով, վատնման եղանակով, հիմնադրամին պատկանող միջոցներից հափշտակվել էր 54 մլն ՀՀ դրամ։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ օգոստոսի 29-ին Արթուր Աղաբեկյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նշենք նաև, որ պատճառված վնասը՝ մոտ 63 միլիոն ՀՀ դրամը, վերադարձվել է։

Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է