27/07/2019 11:05
Ակնկալվում է, որ Յուրի Բրոյանը պետք է զորացրվի. փաստաբան
Զինծառայող Յուրի Բրոյանը հետազոտության փուլում է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բրոյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը։
Փաստաբանը նշեց, որ զինծառայողի առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չկա։
Նրա խոսքով՝ զինծառայողին այցելել են ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանը, Սոֆիա Հովսեփյանը, նաև՝ Մարդու իրավունքների պաշտպանը։
«Հետաքրքրվողներ շատ կան, զանգեր ստանում եմ, բայց այլ այցերի վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ տեղեկություն չունեմ», - ասաց Հայարփի Սարգսյանը։
Դիտարկմանը, որ կառավարությունը վերջին նիստում որոշում կայացրեց թիվ 404 որոշման մեջ փոփոխություններ կատարել, ըստ որի՝ մտավոր հետամնացություն ունեցող զորակոչված որոշ զինծառայողներ կզորացրվեն, իսկ նույն հոդվածով նոր զինակոչիկներ չեն զորակոչվի ու հարցին՝ արդյոք այս առումով արդեն որոշում կայացվա՞ծ է Բրոյանի հարցով, փաստաբանն արձագանքեց.
«Հետազոտության արդյունքները պետք է հաստատի վերջնական եզրակացությունը, բացի դա էլ, արդեն իսկ ակնկալվում է, որ նա պետք է զորացրվի»։
Նշենք, որ Յուրի Բրոյանը հուլիսի 18-ին ՊՆ ռազմական ոստիկանությունից տեղափոխվել է Կանազի հոսպիտալ։
Յուրի Բրոյանը բանակ էր զորակոչվել նախորդ տարվա օգոստոսին՝ թույլ մտավոր հետամնացություն ախտորոշմամբ։
Ծառայության անցնելուց 10 օր հետո նրան ծեծել էր գումարտակի հրամանատարը, երեք օր Բրոյանին փակել էին «կապտյորկայում», նա փորձել էր ինքնավնասում կատարել, հետո տեղափոխել էին Կանազի հոսպիտալ։ Արդյունքում զինծառայողը կորցրել էր խոսելու ունակությունը, հայտնվել ցնցումների մեջ։
Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ շարքային Բրոյանը դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ:
«Ռազմական ոստիկանությունը կապ է հաստատել զինծառայողի մոր հետ: Վերջինս պատասխանել է, որ որդին չի պատրաստվում ներկայանալ զորամաս», - հայտնել էին ՊՆ ՌՈ-ից։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան էլ նշել էր, որ Յուրի Բրոյանի հարցով ՀՀ Պաշտպանության նախարարությունը հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի, իսկ զինծառայողները, որոնք ունեն առողջական խնդիրներ, ծառայությունից վերադառնան առողջացած։