28/07/2019 11:21
Բաղրամյան պողոտայում գորգեր են լվանում. Նախաձեռնողը «Իմ քայլի» պատգամավորն է (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ այս պահին Բաղրամյան պողոտայում մի քանի քաղաքացի գորգեր է լվանում։ Ազգային ժողովի դիմաց, փողոցի մի քանի հատվածներում տեղադրված են ջրով լի տարաներ, որոնց միջից խողովակների կամ դույլերի օգնությամբ ու երաժշտության ուղեկցությամբ լվանում են փողոցին փռված գորգերը։
Մինչ միջոցառման մեկնարկելը Հռիփսիմե Գրիգորյանը բացատրեց, որ նպատակը հին հայկական տոնին հայկական գորգը հանրայնացնելն էր։ «Գորգը մեր կենդանի մշակույթն է, այն գործվել, լվացվել է, զարգացել է դարեր ի վեր և ունի հանրայնացման մեծ կարիք։ Ես ուզում եմ օրակարգ բերել հայկական գորգերի թանգարան ունենալու հարցը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իշխանական խմբակցության պատգամավորը։
Գորգերը, որոնք փռվել ու լվացվում են, Բաղրամյան պողոտայում Մեգերյան Կարպետից, Հայկական գորգերի ազգային կենտրոնից և Թուֆենկյան կենտրոնից։
Հռիփսիմե Գրիգորյանն ասաց, որ չեն պարտադրել պատգամավորերին գալ և գորգ լվանալ, մասնակցությունը՝ ըստ ցանկության է։
«Շատերը աշխատում են, հենց այս պահին էլ Ազգային ժողովի իրենց աշխատասենյակներում աշխատող պատգամավորներ կտեսնեք, շատերը արձակուրդում են կամ մարզեր գործուղման», - ասաց Գրիգորյանը։