Գուցե, կա հիմնավորում Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրգործի համար, տա Աստված՝ քաղաքական հետապնդում չլինի. Գևորգ Պետրոսյան
03/08/2019 13:01

Գուցե, կա հիմնավորում Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրգործի համար, տա Աստված՝ քաղաքական հետապնդում չլինի. Գևորգ Պետրոսյան

Ազգայնի ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հստակ չի կարող ասել՝ արդյոք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ճնշու՞մ է իրականացվում իրավապահների կողմից։
Նա միայն հստակ գիտի, որ Դավիթ Գրիգորյանը «պարկեշտ մարդ է»։

«Դավիթ Գրիգորյանին անձամբ ճանաչում եմ՝ նա շատ պարկեշտ մարդ է, գրագետ իրավաբան, անապական անցյալով պետական ծառայող, քանի որ նախկինում աշխատել է դատախազության համակարգում։ Բայց կոնկրետ գործի հանգամանքներին ծանոթ չեմ, չգիտեմ՝ ինչ է եղել, գնահատականներ չեմ կարող տալ», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գևորգ Պետրոսյանը։

Այդուհանդերձ, պատգամավորն ասաց, որ իր սրտով չի լինի, եթե հետագայում պարզվի, որ Գրիգորյանի նկատմամբ իրականացվածը հաշվեհարդար լինի և ոչ թե օրինականության հաստատման փորձ։

«Բայց ինձ համար տարօրինակ է, որ նման թիրախավորում են ստանում այն դատավորները, որոնք կայացնում են իշխանության քիմքին անհաճելի որոշումներ։ Սա իմ անձնական կարծիքն է։ Գուցե, կա հիմնավորում Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի համար։ Տա Աստված՝ մենք չհամոզվենք նրանում, որ սա քաղաքական հետապնդում է», - հայտարարեց Պետրոսյանը։

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն էր, որը որոշել էր կասեցնել այդ գործի վարույթը և դիմել Սահամանդրական դատարան՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար։

Ինչպես նաև Արցախի նախագահների անձնական երշախավորությամբ որոշել էր կալանքից ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Ավելի ուշ հայտարարվեց, որ Գրիգորյանը որպես վկա անցնում է պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով։ Վերջերս այդ գործով նա ներգրավվեց որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել։

ԲԴԽ որոշմամբ նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։ Նրա պաշտպանությամբ զբաղվելու պատրաստակամություն է հայտնել շուրջ 100 փաստաբան։

Գուցե, կա հիմնավորում Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրգործի համար, տա Աստված՝ քաղաքական հետապնդում չլինի. Գևորգ Պետրոսյան