06/08/2019 18:13
Լարվածությունը, վերջիվերջո, իր հանգրվանին հասավ. Էդգար Խուրշուդյանը՝ պաշտոնից ազատվելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդգար Խուրշուդյանը նախօրեին ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։
Տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավարն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մինչ ազատումը ծանուցում է ստացել.
«Մինչև ազատումը ծանուցում էի ստացել, որտեղ նշված էր, որ մասնագիտական անհամապատասխանություն կա, այսինքն, այսպես ասած՝ չեմ տիրապետում ոլորտին, դրա պատճառով որոշում է կայացվել ազատել աշխատանքից»։
Էդգար խուրշուդյանը կարծում է, որ իրեն աշխատանքից հեռացնելը հետևանք է այն ամբողջ գործընթացի, ինչ տեղի ունեցավ օրերս. տեսչական մամինը ներկայացրեց իրականացված աշխատանքները հրավիրված ասուլիսի ժամանակ։
«Մինչդեռ, ասուլիսը հենց դրա համար էր հրավիրված, որպեսզի ցույց տամ, թե ինչ հսկայածավալ աշխատանք է կատարել տեսչական մարմինը»։
Լարվածությունը, Խուրշուդյանի խոսքով, վերջիվերջո, իր հանգրվանին հասավ։
«Փաստորեն նախարարության և մեր միջև լարվածությունն այս տարբերակով իր լուծումը գտավ, ինչն այդքան էլ ողջունելի չէ։ Մենք նախատեսում և ուզում էինք ունենալ ինստիտուցիոնալ կառավարման համակարգ, սակայն, կարծես թե, չի ստացվում», - ասաց առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախկին ղեկավարը։
Խուրշուդյանը մտադիր է մի քանի օր անց դարձյալ մամուլի ասուլիս հրավիրել, ստեղծված իրավիճակը պարզաբանելու համար։