16/08/2019 12:01
Նախկին պատգամավորի եղբորը ոստիկանությունում ծեծելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խոշտանգման հոդվածով
Ազգայն ժողովի նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբոր՝ Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել, Aysor.am-ին տեղեկացրեց Մանուկյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Ռոբերտ Մանուկյանը, հիշեցնենք, «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրենն է, այժմ կալանավորված է Երևան-Սևան ճանապարհին եղբոր նկատմամբ իրականացված մահափորձի օրը դեպքի վայրից «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենան փախցնելու դեպքի առիթվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ըստ քննչական մարմնի, նա խոչընդոտել է քննության իրականացմանը և դրդել է եղբոր՝ Մելիք Մանուկյանի թիկնապահ Մարկոս Մարկոյանին հեռացնել դեպքի վայրից մեքենան։ Բացի այդ, Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ նաև մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Փաստաբանի փոխանցմամբ, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող մի խումբ անձանց կողմից խոշտանգումը։
«Մեղադրանք դեռ կոնկրետ անձանց առաջադրված չէ», - հավելեց փաստաբանը։
Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հովսեփ Սարգսյանը ասել էր, որ իր պաշտպանյալին ոստիկանները բերման ենթարկելիս բռնության են ենթարկել, ինչի հետևանքով նրա մարմնի տարբեր մասերին առկա են եղել բռնության հետքեր։
Ոստիկանությունը, սակայն, հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ։