16/08/2019 20:46
«Երբ Նիկոլ Փաշինյանը ասեց՝ դատարանների դռները փակեք, առաջինը Ամուլսարի տղաները դատարանների դռները փակեցին». ջերմուկցի
Ջերմուկի բնակիչները պնդում են, որ թույլ չեն տալու, որպեսզի Ամուլսարը հանք դառնա: Բնակիչների խոսքով՝ իրենք սատարել են հեղափոխությանը՝ հույս ունենալով, որ իշխանությունը թույլ չի, որպեսզի հանքի շահագործման վտանգավոր ծրագիրն իրականություն դառնա:
«Նիկոլ Փաշինյանը երբ ասեց՝ դատարանների դռները փակեք, առաջինը Ամուլսարի պահապան տղաներն են դատարանների դռները փակել: Մենք հավատում ենք Նիկոլ Փաշինյանին և Աստված չանի՝ կառավարության որոշումը ջերմուկցիների հիասթափեցնի, մենք մինչև վերջ պայքարելու ենք: Եթե մեր կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանը ծառայում են հայ ժողովրդին, չպետք է թույլ տան հանքի շահագործում: Սա քննություն է կառավարության համար», - ասացին բնակիչները:
Ըստ ջերմուկցիների, եթե հանքը շահագործվի արտագաղթի նոր ալիք կբարձրանա: «Ես ինքս իմ ընտանիքի հետ արտագաղթելու եմ, քանի որ չեմ պատրաստվում տեսնել, թե ոնց են իմ մտերիմները հիվանդանում հանքի աշխատանքի հետևանքով», - ասաց ջերմուկցի կինը:
Ըստ բնակիչների, եթե Իջևանում ոստիկանությունը ուժ էր կիրառում բնությունը պաշտպանելու համար, ապա տարօրինակ կլինի, եթե այս անգամ ևս իրավապահները փորձեն միջամտել քաղաքացիների պահանջին, քանի որ իրենք ոտքի են կանգնել հանուն բնության պաշտպանության: