27/08/2019 16:45
ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ավանդական խուսանավումները փոխարինվել են հստակ դիրքորոշումով. Փաշինյան
2018 թվականի հեղափոխության ընթացքում և դրանից հետո բազմիցս եմ հայտարարել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում շրջադարձեր, ռեվերսներ տեղի չեն ունենալու, և շրջադարձեր իրոք տեղի չեն ունեցել և արտաքին քաղաքական ասպարեզում մենք աշխարհաքաղաքական առումով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով, ընդհուպ Ղարաբաղի հարցի բացառապես խաղաղ կարգավորման առումով ապահովել ենք և ապահովում ենք ժառանգականություն: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է այսօր ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին:
«Բայց սա չի նշանակում, թե Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: Իրականում՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շատ բան է փոխվել, և այդ փոփոխություններից առանցքայինը ավանդական խուսանավումների քաղաքականությունը փոխարինելն է սեփական հստակ դիրքորոշում ունենալու և այդ դիրքորոշումը հետևողականորեն պաշտպանելու քաղաքականությամբ: Սա, իհարկե, չի նշանակում, թե մեր կառավարությունը հրաժարվել է խուսանավելու, ճկուն լինելու գործիքակազմից: Քավ լիցի, դա անհնար է և ոչ խելամիտ», - ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով, խուսանավել, առանց հստակ և սեփական երկրի ազգային շահերին համապատասխան դիրքորոշում ունենալու, նշանակում է Հայաստանը դնել հեղեղի մեջ ընկած տաշեղի կարգավիճակում, իսկ խուսանավել հստակ, հասկանալի և սեփական երկրի ռազմավարական շահերից բխող դիրքորոշումներ ունենալով՝ նշանակում է այդ հեղեղի մեջ լինել առնվազն նավակի կարգավիճակում և հնարավորություն ունենալ կառավարել սեփական ընթացքը և ինչ-որ առումով՝ նաև հեղեղը:
«Սա, իհարկե, հեշտ և պարզ ճանապարհ չէ, բայց սա մի ճանապարհ է, որով մենք պետք է գնանք, և որը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից: Հենց սա է մեր արտաքին քաղաքականության առանցքային խնդիրը, որը մենք միասին պարտավոր ենք լուծել ու կլուծենք», - նշել է Փաշինյանը: