29/08/2019 12:21
Արագ կգույքագրենք ռազմարդյունաբերության համալիրի ոլորտի այն արտադրանքները, որոնք թողարկվում են Հայաստանում. վարչապետ
Երեկ մենք հանդիպում ենք ունեցել ռամզարդյունաբերության համալիրի ներկայացուցիչների հետ, ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ շատ արագ կգույքագրենք ռազմարդյունաբերության համալիրի ոլորտի այն արտադրանքները, որոնք թողարկվում են Հայաստանի Հանրապետությունում: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կկազմենք Զինված ուժերի առաջիկա հինգ տարվա մոտավոր պահանջարկի պլանը, ոլորտի հետ կաշխատենք երկու ուղղությամբ։ Կառավարությունը խնդիր կդնի, որ ձեռքբերումներ լինեն տեղական արտադրողից՝ պայմանով, եթե վերջիններս ի ցույց կդնեն իրենց արդյունավետությունը բարձրացնելու, ինքնարժեքը ցածրացնելու կոնկրետ գործողություններ», - նշեց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա պետք է լինի երկկողմանի պրոցես, որ կառավարությունը և արտադրողները ապացուցեն արդյունավետութունը բարձրացնելու, նորարարությունների շրջանակում գործելու մարտավարությունը և ռազմավարությունը: Որակի հարցում որևէ կոմպրոմիս լինել չի կարող, և սա նույնիսկ քննարկման ենթակա հարց չէ», - շեշտեց գործադիրի ղեկավարը:
Վարչապետը նշեց, որ սա ձևակերպում են որպես հանձնարարական և կոչ արեց մեկամսյա պարբերականությամբ զեկուցել իրեն հանձնարարականի կատարման ընթացքում գրանցած արդյունքները: