29/08/2019 13:32
Բնապահպանության հայտնի նախարարն ապօրինի և կամայական թույլտվություններ է տվել որոշ ձկնարտադրողների. գլխավոր դատախազ
Ժամանակին բնապահպանության հայտնի նախարարն ապօրինի, առանց փորձաքննությունների, կամայական թույլտվություններ էր տվել, և քրեական գործով շուրջ 211 տնտեսվարողների մոտ պարզվեց, որ ապօրինի ձկնաբուծություն են իրականացրել, կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Ապօրինի այն իմաստով, որ համապատասխան փորձաքննություն չի անցել, բայց մարդիկ ունեն թույլտվություններ: Արդեն իսկ պատճառված ահավոր վնասների մասին է խոսքը», - նշեց պաշտոնյան:
Արթուր Դավթյանի խոսքով՝ փաստ է, որ ունենք տնտեսվարողներ, որոնք այս պահի դրությամբ պատշաճ չեն իրականացնում ջրային ռեսուրսների օգտագործումը, ինչն էլ հղի է մեծ վտանգներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ պետք է անել:
«Շատ բարդ իրավիճակ է ստացվում, եթե այդ երկու հարյուրն էլ գործող տնտեսություն է: Դա նշանակում է՝ այդ տնտեսությունները բռնել, փակել», - նկատեց գործադիրի ղեկավարը։
Արթուր Դավթյանն իր հերթին առաջարկեց իրականացնել գործողություններ, որ վերահսկելի լինի ոլորտը:
Վարչապետն ասաց, որ պետք է քննարկել այս հարցն ու հասկանալ, քանի որ շատ նուրբ իրավիճակ է ստեղծվել:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ ավելացրեց, որ դատախազության հետ աշխատում են.
«Մի քանի տնտեսությունների մասով միանշանակ է, որ փորձաքննության ենթակա են և տասնյակ ձկնաբուծարանների կողմից ավել ջրօգտագործում իրականացնելու մասով արձանագրությունները ուղարկվել են տեսչական մարմիններ»:
Վարչապետը կրկին հորդորեց հարցը պահել ուշադրության կենտրոնում՝ շեշետելով, որ 200 տնտեսությունը զգալի թիվ է: