30/08/2019 17:53
Իշխանությունները պետք է հրապարակեն համահայկականության հայեցակարգն ու գործիքակազմը. փորձագետ
Հայաստանի դինավանագիտության հիմքում դրվող համահայկականության սկզբունքը գեղեցիկ է հնչում, բայց դեռ պարզ չէ, թե ինչ է ենթադրում: Aysor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից հռչակված համահայկականության սկզբունքը, որը պետք է դրվի դիվանագիտության հիմքում:
Հիշեցնենք, որ առաջինը Զոհրաբ Մնացականյանն է օգոստոսի 27-ին՝ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին իր ելույթում հայտարարել այն մասին, որ այսուհետ «ամրագրում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները, որոնք կապահովեն մեր դիվանագիտության հարատև և շարունակական ընթացքը. ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն»:
Նույն օրն իր ելույթում այդ սկզբունքին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ «Հայաստանի դեսպանները իրենց հավատարմագրված երկրներում պետք է ներկայանան ոչ թե որպես փոքր քաղաքական խմբակի, կամ իշխող էլիտայի, կամ նույնիսկ անգամ փոքր պետության, այլ որպես համահայկական ներկայացուցիչ, համայն հայության ներկայացուցիչ»: Այս սկզբունքին ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև օգոստոսի 29-ին ԱԺ-ում իր ելույթում և լրագրողների հարցերին պատասխանելիս:
«Եթե մի կողմ թողնենք վարչապետի ոչ կոռեկտ ձևակերպումներն այն մասին, որ «Հայաստանի կառավարությունն ունի ժողովրդական աջակցության նույնպիսի մակարդակ Հայաստանում և Սփյուռքում», և այն, որ լեգիտիմության տեսանկյունից դեսպանները չեն կարող այլ երկրների քաղաքացի հայերին ներկայացնել, համահայկականության սկզբունք ասվածը գեղեցիկ է հնչում և նման մեծ սփյուռք ունեցող ազգի համար առաջին հայացքից տրամաբանական է թվում: Սակայն մի շարք հարցեր պետք է պատասխան ստանան, որպեսզի կարողանանք հստակ պատկերացնել, թե ինչ է ենթադրվում այդ համահայկականության ներքո. դա պարզապես գեղեցիկ բա՞ռ է, թե՞ քաղաքականության իրական փոփոխություն, որից ունենք հստակ ակնկալիքներ», - ասել է Կարապետյանը՝ նշելով, որ արդեն քանի օր է խոսվում է այս սկզբունքի մասին, սակայն այդպես էլ որևէ դետալներ, մեխանիզմներ չեն ներկայացվում:
Փորձագետի կարծիքով նման սկզբունքի ներդնումը պետք է ենթադրի հայեցակարգի մշակում, բոլոր հնարավորությունների և մարտահրավերների գնահատում, մեխանիզմների սահմանում:
«Եվ այդ ամենը պետք է արվեր նախքան սկզբունքը հանրայնացնելը, այս սկզբունքը դեսպաններին որպես հանձնարարական հայտնելը: Իսկ այսօրվա դրությամբ, առվազն հրապարակային ելույթներում, նման հայեցակարգի առկայության մասին ոչինչ չի վկայում», - նշել է նա:
«Հասկանալի է, որ փաստաթուղթն ունենալու է և՛ հրապարակային, և՛ գաղտնի մաս: Եվ բաց մասը պետք է օր առաջ հանրայնացվի: Տրամաբանությունը հուշում է, որ այժմ դեսպանները պետք է սկսեն այլ կերպ հարաբերվել Սփյուռքի ներկայացուցիչների հետ, սակայն այստեղ մի շարք հարցեր կան: Եթե խոսքը վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, որոնք բնակվում են արտերկրում, այսպես թե այնպես, ՀՀ դեսպանությունների պարտավորությունն է նրանց իրավունքների, շահերի պաշտպանությունը, ռեզիդենտ երկրի քաղաքացի հայերի դեպքում նման աշխատանքն արդեն դժվար է պատկերացնել: Այլ կերպ ասած, անորոշությունները, հարցերն այժմ չափից շատ են, կառավարությունը պետք է տա այդ հարցերի պատասխանները», - եզրափակել է Աննա Կարապետյանը: