09/09/2019 11:28
Պաշտոնապես խնդրում եմ Ջերմուկի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները. Փաշինյան
Որքան երկրի վարկանիշը բարձր է, այնքան էժան փող կարող ենք բերել երկիր, մեր քաղաքացիներին ավելի էժան վարկեր տրամադրել։ Սա շատ կարևոր գործառույթ է, ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ «Մուդիս» վարկանիշային կազմակերպության (Moody՛s Investors Service) զեկույցի համաձայն՝ Հայաստանը գնահատման սանդղակում բարելավել է իր վարկանիշը։
«Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակում մենք ունենք որոշակի ազդակներ, որ եթե իրավիճակը ճշգրիտ չկառավարենք, ապա դա կարող է հանգեցնել ՀՀ վականիշի վատթարացման։ Դրա հետևանքները մենք կզգանք մասնավորապես վարկերի տրամադրման գործընթացում։ Եթե մենք ասում ենք, որ Ամուլսարի հանքը թույլ չենք տալիս շահագործվի, շատ պարզ հարց է ծագում՝ բնապահպանական մտավախությունների՞ց ելնելով։ Այստեղ ծագում է երկրորդ հարցը. ինչո՞ւ եք թույլ տալիս, որ Թեղուտի հանքը շահագործվի», - հարց ուղղեց վարչապետը։
Վերջում Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին խնդրեց ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները։
«Պաշտոնապես խնդրում եմ Ջերմուկի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները», - ընդգծեց Փաշինյանը: