09/09/2019 17:05
Որոշումը, որը կայացվել է, միանշանակ ճիշտ է. Տիգրան Կարապետյանն՝ Ամուլսարի մասին (Տեսանյութ)
Որոշումները կայացվում են ի շահ Հայաստանի Հանրապետության, Aysor.am-ի թղթակից հարցին ի պատասխան ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման մասին վարչապետի այսօրվա հայտարարությանը:
«Որոշումները կայացվում են ի շահ Հայաստանի Հանրապետության: Հաշվի առնելով բոլոր ռիսկերն՝ այն որոշումը, որը կայացվել է, միանշանակ ճիշտ է: Այն ռիսկերը, որոնք կան ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական, պետք է հաշվի առնվեն», - ասաց Կարապետյանը:
Դիտարկմանը, թե այս հարցով խմբակցությունը միակարծիք չէ և արդյոք տարաձայնությունները չե՞ն նպաստի խմբակցության պառակտմանը, Կարապետյանն ասաց.
«Մենք պիտի հարմարվենք այն մտքին, որ սա ՀՀ-ում ձևավորված նոր իշխանություն է, որը չի գործում նախկին տրամաբանության մեջ և յուրաքանչյուր մարդ անհատ է ու ունի սեփական կարծիքը, դրանց արդյունքում ծնվում են որոշումներ», - ասաց Կարապետյանը:
Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ամուլսարի հանքի շահագործման արգելման համար իրավական հիմքեր չկան՝ կոչ անելով բացել դեպի հանք տանող ճանապարհները: