10/09/2019 14:08
Հայաստանը պատասխանում է ՌԴ-ին. ՀՀ-ում ՌԴ վարորդական վկայականները կընդունվեն միայն փոխադարձության սկզբունքով
Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքում ու հարակից օրենքներում կատարված փոփոխություններով կառավարությունը որոշ պայմաններ է առաջարկում Հայաստանում օտարերկրյա վարորդական իրավունք ունեցողների համար։
Ներկայացված օրենսդրական փաթեթով կարգելվի Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական և կամ աշխատանքային գործունեություն ծավալել օտարերկրյա, ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ՝ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի։
«Այս արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվի ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ։ Կարծում եմ՝ ձեզ հայտնի է, որ ազգությամբ հայ քաղաքացիները Ռուսաստանում ունեն այս խնդիրը, և երկար ժամանակ է՝ այս խնդիրը չի լուծվում, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը պատշաճ ընթացք չի տալիս օրինագծերին։ Մենք ավելի առաջ ենք ընկնում և հստակ ամրագրում ենք՝ եթե ապահովվի փոխադարձության սկզբունքը, ապա մենք ևս այս բացառությունը կարող ենք անել ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների համար», -այսօր Ազգային ժողովում ունեցած իր ելույթում հայտարարեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը՝ ներկայացնելով ճանապարհային երթևեկության ոլորտում կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունների փաթեթը։
Քոչարյանը նաև հստակեցրեց. «Մենք այս կարգավորումը պարտավոր ենք նախատեսել հավասարակշռությունը ապահովելու համար։ Մենք քաղաքական որևէ շարժառիթով չենք առաջնորդվելու. պետությունը կընդունի և հնարավորություն կտա ազգային վարորդական վկայականը կիրառել, մենք նույն հնարավորությունը կտանք օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ»։
Բացի այդ, ըստ պաշտոնյայի, Հայաստանի հետ համատեղ միջազգային պայմանագրերի մասնակից չհանդիսացող այլ երկրներում տրված ազգային վարորդական վկայականը փոխադարձության պայմանով կհամարվի գործող ՀՀ տարածքում, եթե այն ներկայացվի սահմանված կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ։
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ զբոսաշրջիկները Հայաստանում գտնվելու ընթացքում կարո՞ղ են իրենց վարորդական իրավունքը օգտագործել թարգմանությամբ։ Ի պատասխան Հովհաննես Քոչարյանը նկատեց, որ Վիեննայի կոնվենցիային միացած երկրների քաղաքացիները ազատ են իրենց երկրում ստացած վարորդական իրավունքի վկայականներով երթևեկել Հայաստանում։
«Խոսքը այն երկրների մասին է, որոնք չեն հանդիսանում Վիեննայի կոնվենցիային միացած անդամ պետություն։ Հայաստանի պարագայում հիմնականում իրանահայերն ու սիրիահայերն են։ Նրանց խնդիրները լուծելու համար է սա արվում»,- նշեց Քոչարյանը։