10/09/2019 10:54
Խորհրդարանը մերժեց ընդդիմության որոշ նախագծեր, փոխարենը ընդունվեցին իշխանական պատգամավորների օրինագծերը
Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկության դրվեցին երեկ քննարկված բոլոր օրինագծերը։ Դրանց մի մասը, որոնք ներկայացրել էր խորհրդարանական ընդդիմությունը, չընդունվեց։
Չընդունվեց, մասնավորապես, Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով նրանք առաջարկում էին բնական աղետների հետևանքով գյուղացու բերքը վնասվելու դեպքում հողահարկ չգանձել։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել նախագծին, խորհրդարանական մեծամասնությունը դեմ էր, քանի որ դա համարում էր բյուջեի համար ռիսկային։
Փոխարենը խորհրդարանը ընդունեց «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանի ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս փոփոխությամբ, նոտարները և անհատ ձեռնարկատերերը հնարավորություն ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն հաշվարկեն և փոխանցեն սոցիալական վճարները տարեկան կտրվածքով՝ ՀՀ հարկային օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում, իսկ ինքնազբաղված անձինք, ինչպես նաև վարձու աշխատողները՝ որպես ինքնազբաղված անձինք՝ եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:
Խորհրդարանը չընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
Պատգամավորը հիշեցրեց, որ իր առաջարկով ներմուծման դեպքում գործարքները կատարվում են և հետո միայն գանձվում է ԱԱՀ։ «Սա պարզ քայլ է, որի միջոցով մենք հրաժարվում ենք սահմանին ԱԱՀ գանձելուց։ Բիզնեսը պարտավոր չէ պետությանը ձրի վարկավորել», - հայտարարեց Մելքումյանը։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին վերապահումով և միաժամանակ հավելեց, որ երեկ օրինագծի շուրջ քննարկումների արդյունքում տրամադրված են դեմ քվեարկել նախագծին։ «Իմ քայլից» Եղիշե Սողոմոնյանը հստակեցրեց, որ պետությունը աստիճանաբար հրաժարվում է սահմանին ԱԱՀ գանձելու գործելաոճից ու նկատեց, որ Միքայել Մելքումյանի առաջարկը վերաբերում էր որոշ ապրանքատեսակների մասով ԱԱՀ-ի վճարումը մինչև հաջորդ ամսվա 20-ը հետաձգելուն։
Միաժամանակ նկատենք, որ խորհրդարանը 97 կողմ և 3 դեմ ձայնով ընդունեց «Բարգավաճ Հայաստանից» Միքայել Մելքումյանի նախագիծը «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին։
Երեկ քննարկման ժամանակ Մելքումյանը նշել էր, որ գործող օրենքում բացակայում են ոռոգման ջրի թափանցիկ կառավարման առավել կիրառական, ինչպես նաև ընկերությունում ջրի արդարացի բաշխման նկատմամբ ջրօգտագործողների միջև հսկողություն իրականացնելու իրավական հիմքերը: Իսկ առաջարկվող փոփոխություններն ընդունելու դեպքում ոռոգման ջրի նկատմամբ հսկողությունը կմեծանա, իսկ չարաշահումները կնվազեն։