25/09/2019 15:07
ՀՀ վարչապետը մեզ պարտադրել է, որ «կարգին Հայկոն» լինելու է միակ ժողովրդավար քաղաքապետը, մինչ այժմ մենք չենք տեսել դա. Սոնա Աղեկյան
«Սանիթեք» ընկերության աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը։
Քաղաքապետարանի իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ քաղաքապետարանը պատրաստ է վճարել իրենց աշխատավարձերը, եթե «Սանիթեք» կազմակերպությունը քաղաքապետարանին փոխանցի այն հաշվապահական փաստաթուղթը, որի մեջ գրված է, թե որքան գումար է պարտք կազմակերպությունն աշխատակիցներին:
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը նկատեց, որ իրենք գալիս են «Սանիթեքից», որտեղ իրենց փոխանցել են, որ քաղաքապետարանին ուղարկվել է համապատասխան փաստաթուղթ՝ համաձայն որի քաղաքացիների չվճարված աշխատավարձերը և վերջնահաշվարկը կազմում է 132 միլիոն դրամ:
Աղեկյանը նաև պնդեց, որ քաղաքապետարանը պիտի գումար փոխանցի «Սանիթեքին», որպեսզի վերջինս կարողանա վճարել աշխատավարձերը:
«Ես գնացել եմ «Սանիթեք», տնօրեններին ասել եմ՝ ո՞ւր են էս մարդկանց աշխատավարձերը, իրանք ինձ ցույց են տվել փատաթղթերը, որ ուղարկել են ձեզ», - ասաց Աղեկյանը:
«Տիկին Աղեկյան, «Սանիթեք» կազմակերպությունն ասում էր, որ գնելու է աղբաման, գնելու է մեքենա, ո՞ւր է գնել: Ես խի՞ պիտի հավատամ «Սանիթեք» կազմակերպությանը», - հակադարձեց Հովհաննիսյանը՝ պնդելով, որ քաղաքապետարանը չի ստացել թուղթ ու չի կարող առանց դրա առկայության մարդկանց աշխատավարձերը վճարել. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ նման փաստաթուղթ շենքում չկա»:
«Բայց դուք պետք է գումարը փոխանցեք, որ «Սանիթեքը» վճարի», - նորից պնդեց Աղեկյանը, իսկ Հովհաննիսյանն էլ նշեց.
«Դուք «Սանիթեքի» շահն եք պատշպանում, ես՝ ժողովրդինը»:
«Ո՞նց եք պաշտպանում, որ կոչ են արել ձեզ միանալ իրենց, «Սանիթեքի» տնօրենները նստած են, փաստաթղթերը գրված են, քաղաքապետարանի լիազոր անձը մտել էր սեղանի տակ, դուք վախենում եք գալ», - ասաց Աղեկյանը:
Վերջինս պահանջեց, որպեսզի այսօր մինչև ժամը 16:00-ն քաղաքացիներին վճարվեն աշխատավարձերը՝ նշելով, որ հակառակ դեպքում նստացույց կանեն:
«Պարոն պարտադրվածը պամպերսը կհագնի, էն որ երկու հատ ուղարկել եմ, գրասեղանի տակից դուրս կգա ու ինքը կհասկանա, որ պիտի իջնի ու նայի քաղաքացու աչքերի մեջ: Ինքը վստահության քվե է ողորմացել: ՀՀ վարչապետը մեզ պարտադրել է, որ «կարգին Հայկոն» լինելու է միակ ժողովրդավար քաղաապետը, մինչ այժմ մենք չենք տեսել դա», - հավելեց Աղեկյանը: