01/10/2019 12:09
Մեր գաղափարները կիսող մարդիկ պրոգրեսիայով աճում են. Նարեկ Մալյան
Մեր գաղափարները կիսող մարդիկ անընդհատ, պրոգրեսիայով աճում են, և դա իրապես շատացնում է մեր ռեսուրսները, այսօր հրավիրած հավաքի ժամանակ ասաց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ հիշեցնելով, որ ընդամենն ամիսներ առաջ ինքը միայնակ էր փորձում հանրության ուշադրությունը հրավիրել Երևանում Սորոսի գրասենյակի ազգակործան գործունեության վրա։
«Արդեն մայիսին ես-ը դարձավ մենք։ Ու մենք օրեր շարունակ փորձում էինք ճեղքել Սորոսի գրասենյակը հսկող ոստիկանական պատնեշը։ Հուլիսին մենք ցույցեր իրականացրեցինք ՍԴ-ի դիմաց՝ հայտարարելով, որ Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է, և այդ տապալման պատվիրատուն ու սպառողը Սորոսի գործակալական ցանցն է։ Օգոստոսը մենք հայտարարեցինք այլ ուժերի հետ բանակցությունների ամիս, թակեցինք բազմաթիվ դռներ, ունեցանք բազմաթիվ հանդիպումներ։ ՎԵՏՕ-ն շարունակում է շարունակական խաղաղ ակցիաներ անցկացնել Սորոսի գրասենյակի դիմաց՝ նկարահանելով և հանրայնացնելով բոլոր այն մարդկանց դեմքերը, որոնք փողի դիմաց համագործակցում են այդ գրասենյակի հետ և հանդիսանում են Ջորջ Սորոսի վարձկանները Հայաստանում», - ասաց Նարեկ Մալյանը։
Նա միաժամանակ շեշտեց, որ իրենց ակցիաները խիստ անհանգստացրել են օտարերկրյա գործակալներին։
«Անձամբ իմ նկատմամբ՝ իմ տան դիմաց, գիշերով սորոսականների կողմից իրականացվել է խուլիգանական հարձակում և առևանգման փորձ։ Ինձ լռեցնելու նպատակով քաղաքացիական հայցերի հաշիվն արդեն կորցրել եմ։ Ինձ դատի է տվել սորոսական Դանիել Իոաննեսյանը, իմ դեմ հայց է ներկայացրել կարկառուն սորոսական Արսեն Խառատյանը։ Մեզ՝ ՎԵՏՕ-ի թիմին, անընդհատ փորձում են թիրախավորել էժանագին բամբասանքներով։ Բայց մենք կոտրվող տեսակից չենք։ Ամեն ստորությանը պատասխանելու ենք նորանոր փաստերով ու հրապարակումներով։ Մենք նահանջելու չունենք», - ասաց Նարեկ Մալյանը։