02/10/2019 11:01
Ամուսիններից մեկը դատական կարգով կարող է արգելել մյուսին մուտք գործել խաղասրահ. Քննարկվում է Վիճակախաղերի մասին օրենքը
Խորհրդարանում քննարկվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ:
Նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում մի շարք առաջարկություններ ընդունվել են ու ներառվել նախագծում:
Համաձայն դրանց՝ սահմանվել է, որ բուքմեյքերական գրասենյակի չափը 240 քառակուսի մետրից ավելի չպիտի լինի:
«Ընդունվել է նաև Արկադի Խաչատրյանի կողմից արված առաջարկը, որով խաղասրահը պարտավոր է ստուգել ուժի մեջ մտած դատական վճռի հանգամանքը: Օրենքով նախատեսվում էր, որ ամուսիններից մեկը դատական կարգով կարող է արգելել մյուսին մուտք գործել խաղասրահ», - ասաց Սիմոնյանը:
Օրենքի համաձայն՝ ՀՀ տարածքում յուրաքանչյուր մարզում գործելու է մեկական բուքմեյքերական գրասենյակ ամեն կազմակերպության համար: Երևանի վարչական շրջաններում ևս բուքմեյքերական գրասենյակները կգործեն այս տրամաբանությամբ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ այս փոփոխությունն այդքան էլ ճիշտ չի համարում:
«Եթե ամեն վարչական շրջանում մեկական գրասենյակ թողնենք, ստացվում է, որ Երևանում 40 գրասենյակ կգործի, սա բավարար թիվ է, որ փոքրիկ Երևանում մարդիկ նորից տուն-տեղ կրվեն», - ասաց Գաբրիելյանը: