03/10/2019 17:33
Որոշման նախագիծ կարելի էր ներկայացնել կարգապահական խախտման հայտնի դառնալուց հետո երկշաբաթյա ժամկետում, ամիսներ են անցել. Շաքե Իսայան
ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն անդրադարձավ այն իրավական հիմքերին, որոնք թույլ են տալիս կարգապահական վարույթ հարուցել.
«Մեխը էական կարգապահական խախտումն է, այս մասով ՍԴ մասին օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետը հստակ սահմանում ունի՝ էական կարգապահական խախտում է ՍԴ դատավորի ՍԴ դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում 3 և ավելի անգամ բացակայելը, 2 նկատողություն կամ 1 խիստ նկատողություն ունեցող ՍԴ դատարանի դատավորի կրկին կարգապահական խախտում կատարելը, և ՍԴ նախագահի այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է ՍԴ հեղինակությունը կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ: Ստացվում է, եթե նույնիսկ ներկայացված իրավական ակտը դիտարկենք այս տեսանկյունից, ապա էական կարգապական խախտման հայտնի դառնալու վերջին դեպքը գրանցվել է սույն թվականի հունիսի 21-ին այսինքն՝ ավելի քան 3 ամիս առաջ», - ասաց Իսայանը:
Նա նկատեց, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ ԱԺ-ն կարող է որոշման նախագիծ ներկայացնել խախտումը կատարելը հայտնի դառնալուց հետո երկշաբաթյա ժամկետում՝ նշելով, որ այդ ժամկետը խախտված է: Իսայանը հետաքրքրվեց՝ ինչու՞ դա ավելի շուտ չի արվել Հրայր Թովմասյանի մասնակցությունը Քոչարյանի գործի քննությանը կանխելու համար:
«Հունիսի 21-ին աշխատակարգային որոշումից հայտնի է դարձել, որ Հրայր Թովմասյանը մասնակցելու է գործի քննությանը, քանի որ չի քննարկվել նրա մասնակցության անհնարինության հարցը, այսինքն՝ մինչև Ձեր կողմից վկայակոչված սեպտեմբերի 6-ը Ձեզ հայտնի է եղել այդ մասին, ի դեպ, այս մասին վկայում է նաև դեռևս օգոսոսին հրապարկված Վահե Գրիգորյանի նամակը: Հետևաբար պնդում եմ, որ սույն որոշմամբ Ձեր իրավունքի ժամկետը սկսել է հոսել հունիսի 21-ից», - ասաց Իսայանը՝ դիմելով նախագծի հեղինակ Սուրեն Գրիգորյանին:
Իսայանն անդրադարձավ նաև «Իմ քայլի» պատգամավորների այն պնդմանը, որ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու համար առկա է 4 հիմք՝ նկատելով, որ ինքն այդքան հիմքերի մասին չի լսել ամբիոնից:
«Մինչդեռ Ձեր ելույթում և խոսքում, չհերքելով, որ անցել են մնացած 3-ի ժամկետները, նշեցիք, որ մնացած երեքը հանդիսանում են փաստեր, ոչ թե հիմքեր: Հիմա ինձ մոտ հարց է առաջանում՝ մենք ունենք մե՞կ, թե՞ չորս հիմք», - հետաքրքրվեց Իսայանը:
Վերջինս կոչ արեց իշխանական գործընկերներին Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու գործընթացն օրինական ճանապարհով անել, որն այս դեպքում Սահմանադրական օրենքի ժամկետը չխախտելն է: