03/10/2019 11:25
Կառավարությունը հայտարարեց վարժական հավաքների մասին
Կառավարությունը որոշեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների 40 օր ժամկետով վարժական հավաքներ` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը:
Հարցը ներկայացրեց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք այս վարժանքները ընթացքիկ զորավարժությունների հետ կապ ունեն, դրանց տրամաբանական շարունակությո՞ւնն է, թե՞ ոչ: Նախարարն էլ պատասխանեց, որ դրանք տարբեր են:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե վարժանքները պլանային իրադարձություններ են:
«Ասել ենք, որ այն զորավարժություններ ու բազմաթիվ ծրագրեր, որ իրականացվում են, աննխադեպ են, բայց դա ոչ մի կերպ կապված չէ արտաքին փոփոխության հետ, այլ աշխատանքի ծավալների հետ է կապված», - ասաց նա:
Դավիթ Տոնոյանը պարզաբանեց, որ նախկինում նախարարի որոշումներով էր իրականացվում վարժանքները, սակայն Սահմանադրության և օրենսդրության փոփոխություններով պայմանավորված՝ այս տարի բոլոր վարժանքները իրականացնում են կառավարության որոշմամբ:
«Բայց դա ունի լավ կողմ, որ հրապարակային է գործընթացը և թափանցիկ», - ասաց նախարարը: