07/10/2019 13:58
WCIT-2019 համերգի կազմակերպման համար ՀՀ պետբյուջեից ծախսվել է շուրջ 1 միլիոն դոլար
«Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով–2019» (WCIT 2019) միջոցառման՝ Հանրապետության հրապարակում երեկ կայացած համերգի համար Հայաստանի պետական բյուջեից ծախսվել է 450 միլիոն դրամ՝ շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար:
Համապատասխան որոշումը կայացվել է Հայաստանի կառավարության՝ սեպտեմբերի 26-ի նիստում:
450 միլիոն դրամը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն է հատկացվել Հայաստանի բյուջեի պահուստային ֆոնդից:
Նշենք, որ համերգի սկզբում ելույթ ունեցավ «WCIT» նվագախումբը, որի կազմում էին ավելի քան 100 երաժիշտ, 30-ը՝ Հայաստանից։
Համերգը ղեկավարում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Համերգի երկրորդ մասում ելույթ ունեցավ Գրեմմիի մրցանակակիր, հոլանդացի DJ Արմին վան Բյուրենը:
Համերգն ուղեկցվում էր գեղեցիկ լազերային շոուով և ավարտվեց շքեղ հրավառությամբ:
Հավելենք, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով–2019» Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել էր դեռևս 2016 թվականին:
Երեկ մեկնարկած միջոցառումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 9-ը: