10/10/2019 14:41
Արցախի մասով չի կարող այդպիսի բան լինել. Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանի և Արցախի հարաբերությունների վատթարացման մասին
Իրավապահ մարմինները պետք է ճշտեն՝ Վիտալի Բալասանյանի հայտարարություններում հանցակազմ կա՞ր, թե՞ ոչ, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Դա պետք է իրավապահ մարմինները ճշտեն, դրա համար այն ուղարկվել է իրավապահ մարմիններին», - ասաց Գրիգորյանը։
Հարցին՝ չի՞ կարծում, որ նախօրեին շատ կոպիտ է արտահայտվել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հասցեին, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց.
«Եթե այսօր էլ տարածեի այդ հայտարարությունը, նույն ձև կարտահայտվեի»։
Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը Վիտալի Բալասանյանին «խուլիգան» էր անվանել։
Գրիգորյանն ասաց՝ մոտեցում կա, որ եթե պաշտոնյաների միջև խոսակցություններ են լինում, դա կարող է ազդել երկրների հարաբերությունների վրա, մինչդեռ, ըստ նրա, այդպես չէ։
«Արցախի մասով չի կարող այդպիսի բան լինել», - ասաց Գրիգորյանը։