11/10/2019 18:39
Ջերմ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ավարտվել է. փորձագետ
ԱՊՀ անդամ երկրների գագաթաժողովի ժամանակ Իլհամ Ալիևի ելույթը ցույց է տալիս, որ ջերմ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ավարտվել է, Aysor.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
«Շատ ողջունելի էր Նիկոլ Փաշինյանի հակադարձումն Ալիևին: Սակայն ինքնին Ալիևի նման ելույթն այսօր մեր երկխոսության որակի ցուցիչ է, առավել ևս, եթե դրան գումարենք օրերս «Վալդայ» դիսկուսիոն ակումբում Ալիևի ելույթը: Փաստացի, կրկին բոլոր միջազգային հարթակներն օգտագործվում են բոլոր հնարավոր թեմաներով Հայաստանին և Արցախին սևացնելու, պրովոկացիաներ անելու, բոլոր մեղքերում մեզ մեղադրելու համար», - ասել է փորձագետը:
Նրա խոսքով, սա նորություն չէ, սակայն վկայում է այն մասին, որ Ադրբեջանի կառուցողականությունը, փոխադարձ պայմանավորվածությունների արդյունքում առաջացած դրական մթնոլորտը սպառվել են:
«Հայաստանում հեղափոխությունից հետո Ադրբեջանը տպավորություն ստեղծեց, թե ժամանակ է տվել Հայաստանի իշխանություններին, կեղծ կառուցողականություն ցուցաբերեց, գնաց բանավոր պայմանավորվածությունների և նույնիսկ որոշ ժամանակ պահպանում էր դրանք՝ ցույց տալու համար, որ պատրաստ է երկխոսության: Սակայն հիմա հռետորաբանությունն ու քաղաքականությունը փոխվել են, Դուշանբեի պայմանավորվածություններն այլևս չեն գործում, միջազգային հարթակներն էլ օգտագործվում են միմյանց դեմ ելույթներ ունենալու համար, բանակցային գործընթացում էլ ոչ մի առաջընթաց չկա: Բաքուն այդ ամենում մեղադրում է Հայաստանին, և որ ամենացավալին է, միջնորդները ևս հակվում են այդ մոտեցմանը: Դրա ապացույցը Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի ելույթն էր «Վալդայ»-ում», - ասել է Կարապետյանը:
Փորձագետը կարծում է, որ Բաքուն լավագույն կերպով օգտագործեց ստեղծված իրավիճակն իր համար ոչ ցանկալի հարցերը բանակցային սեղանից դուրս մղելու, տեղում դիրքերն ամրապնդելու համար:
«Իսկ հիմա մեղադրում են Հայաստանի իշխանություններին բանակցային գործընթացի առաջընթացը խոչընդոտելու, ապակառուցողական հայտարարություններ անելու համար և միջազգային հանրության ընկալումներում փորձում են աստիճանաբար արմատավորել հարցն ուժով լուծելու իրենց իրավունքը», - ասել է նա՝ շեշտելով, որ նման զարգացումները մեզ համար մի շարք մարտահրավերներ են պարունակում։