17/10/2019 13:21
Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնը դարձավ համալսարանական. ԵՊԲՀ-ում հուշագիր ստորագրեցին (տեսանյութ)
Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոնն այսուհետ կլինի համալսարանական հիվանդանոց։ Այդ մասին հուշագիրն այսօր «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում ստորագրվեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ու Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի մասնակցությամբ։
«Մեր ազգի անվտանգության ամենակարևոր բաղադրիչներից մեկն առողջ ազգ ունենալն է և դրա համար պետք է մեր համակարգում ունենանք բարձրակարգ որակավորում ունեցող բժիշկներ։ Այս հուշագիրը մեզ հնարավորություն կտա, որ այդ բոլոր նպատակներն իրականություն դարձնենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը։
Նախարարը նախաձեռնության համար շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին։
«Սա շատ կարևոր է թե՛ մեզ համար, թե՛ Ստեփանակերտի հիվանդանոցի համար։ Այսօր մենք գործում ենք նույն ուղղությամբ, բայց՝ տարբեր լոգիստիկ հնարավորություններով։ Արցախցի ուսանողների համար այսուհետ կրթական ծրագիր կիրականացնի նաև այս կենտրոնը։ Օժտված լինելով համալսարանական բարձր կոչումով՝ կարծում եմ, որ այդ ծրագրի հեռանկարները կլինեն միջազգային»,-ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նշենք, որ ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ Արցախ կատարած այցի ընթացքում պատրաստակամություն էր հայտնել սկսել գործընթաց, որը հնարավորություն կտա սերտացնել կապերն Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի հետ՝ այն դարձնելով համալսարանական: Դրա արդյունքում ԵՊԲՀ ամբիոնները կկարողանան գործունեություն ծավալել Արցախի բուժհաստատություններում՝ այսպիսով ապագա բժիշկներին ուղղելով դեպի Արցախ: