17/10/2019 17:30
Երևանում դանակով շրջող հայտնի «ուտիլիզատորը» սպառնացել է լրագրողներին (Տեսանյութեր)
Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացու մոտ դանակ է եղել: Վերջինս մոտեցել է Analitik.am-ի լրագրողին և օպերատորին, և կոստյումի տակից մի քանի անգամ ցույց տվել դանակը՝ սպառնալով և խոչընդոտելով վերջիններիս գործունեությունը:
Ըստ Analitik.am-ի լրագրողը մոտեցել է ոստիկաններին և տեղյակ պահել, որ քաղաքացու մոտ դանակ կա: Ոստիկանները դանակը հայտնաբերելուց հետո որևէ գործողություն չեն արել, ցուցաբերել են անգործություն՝ ասելով, որ քաղաքացու մոտ ընդամենը «խոհանոցային» դանակ է, որի գնման կտրոնն իրենք տեսել են:
Հիշեցնենք, որ Երևանում տարբեր ակցիաների ժամանակ դանակով շրջող քաղաքացու մասին Aysor.am-ը ահազանգել էր այս տարվա ապրիլի 10-ին: Խորհրդարանում տրանսգենդեր կնոջ ելույթի դեմ ԱԺ այգում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ Aysor.am-ի հետ զույցում քաղաքացին ցուցադրել էր դանակն ու հայտարարել, որ պատրաստ է դրանով «ուտիլզիացնել սեռական փոքրամասնություններին»:
Aysor.am-ի հրապարակման հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվել: Նա բերման էր ենթարկվել ոստիկանություն: Պարզվել է, որ անձը հանդիսանում է Նազարեթ Ֆրունզիկ-Հենրիկի Շատիրյանը:
Հետագայում որոշում է կայացվել, քրեական գործ հարուցելը մերժել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: