18/10/2019 11:49
Պետությունը հապճեպ քայլերով գնում է դեպի ինտերնետային ոլորտի խստացում. Սամվել Մարտիրոսյան
Ի դեմս էլեկտրոնայի հաղորդակցության ոլորտում արխիվների պահպանման ստանդարտների՝ փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկողության մեխանիզմ ներդնել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությանն առնվազն պետք է հանրային քննարկում նախորդեր։
«Հարցը հետևյալն է. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշման կարգավորումները գնում են դեպի ինտերնետային ոլորտի խստացում։ Խոսքը գնում է այն մասին, որպեսզի պրովայդերները պարտադրված լինեն երկու տարի ժամկետով պահպանել մարդկանց կողմից ինտերնետի օգտագործման մասին տեղեկատվությունը, այդ թվում՝ բջջային ինտերնետի մասով։ Միգուցե սա ինչ-որ իմաստ ունի, բայց ոլորտային խստացումներից առաջ առնվազն պետք էր հանրային քննարկումներ կազմակերպել», - ասաց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, պետք է նաև լրացուցիչ օրենսդրական փոփոխություններ արվեին, որովհետև խոսքը գնում է անձնական տվյալների մուտքի մասին, և պարզ չէ, թե ով իրավունք ունի դրանցից օգտվելու։
«Երրորդ. սա նաև տնտեսական լուրջ ազդեցություն ունի, ինչը պետք է քննարկվի։ Չորրորդ. ինչո՞ւ է սա այսպես հապճեպ արվում՝ առանց լրացուցիչ բացատրություններ տալու։ Այս ամենը, միասին վերցրած, հարցեր են առաջացնում», - ասաց Մարտիրոսյանը։
Նրա համոզմամբ՝ քննարկումներ պետք էր և կարելի էր ծավալել ՀՀ ինտերնետի կառավարման խորհրդում, որտեղ ներկայացված են և՛ պետությունը, և՛ հասարակական սեկտորը, և՛ պրովայդերները, մինչդեռ որևէ քննարկում չի եղել։
«Եթե հանրությունն ուշադրություն չի դարձնում ամեն մի նման քայլի վրա, յուրաքանչյուր հաջորդ քայլ կարող է համացանցում ավելի լուրջ վերահսկողության տանել», - համոզմունք հայտնեց տեղեկատվության անվտանգության փորձագետը։