ՀՔԾ-ն դատարան չի ներկայացրել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի ցուցմունքը, որը արդարացնում է Արսեն Բաբայանին (Տեսանյութ)
23/10/2019 17:39

ՀՔԾ-ն դատարան չի ներկայացրել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի ցուցմունքը, որը արդարացնում է Արսեն Բաբայանին (Տեսանյութ)

Ամենայն հավանականությամբ, դատարանն այսօր երկու հարցերը միաժամանակ կքննարկի՝ և՛ ձերբակալման իրավաչափության դեմ մեր կողմից ներկայացված բողոքը, և՛ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունն՝ Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, դատարանի դիմաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարն իր հարցազրույցում պնդել է, որ գրությունն ԱԺ ուղարկել է մարտի 2-ին, արդյոք այդ փաթեթը փոխանցվե՞լ է պաշտպանական կողմին և փաթեթում առկա՞ է նման փաստ, Երվանդ Վարոսյանը պատասխանեց.

«Մենք համոզված ենք, որ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը նաև հարցաքննվել է քրեական գործով, այդ մասին կար նշում նաև իր հարցազրույցում, սակայն, ի զարմանս մեզ, այդ հարցաքննության արձանագրությունը մեզ չի տրամադրվել, դատարան էլ չի ներկայացվել»։

Նա նշեց՝ իրենց համար դա եղել է հայտնի պատճառներով.

«Որովհետև ակնհայտ արդարացնող ապացույց է։ Ասեմ ավելին, այսօր ուշադիր հետևել եմ նաև պարոն Բաբլոյանի հարցազրույցին, ինչպես նաև Գագիկ Հարությունյանի հարցազրույցին։ Այդ երեք անձանց դիրքորոշումները բավարար են պնդելու համար, որ ներկայացված մեղադրանքն իրականաության հետ որևէ աղերս ունենալ չի կարող»։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը երեկ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ` իշխանությունը յուրացնելու կասկածանքով: Նույն գործի շրջանակներում ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին, իբր, ՍԴ-ից մարտի 5-ին ստացված գրությունը հետին ամսաթվով՝ մարտի 2-ին ԱԺ մուտք անելու ցուցում տալու համար: 
 
Ուշագրավ է, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանն, ով այդ ժամանակահատվածում պատասխանատու է եղել փաստաթղթաշրջանառության համար «Հրապարակ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՍԴ-ն գրությունն Ազգային ժողով է ուղարկել մարտի 2-ին, որը հաստատել է նաև Արա Բաբլոյանը: Ազգային ժողովի ընդհանուր բաժնի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ռուզաննա Արզումանյանն էլ «Հրապարակ»-ի հետ զրույցում պնդել է, որ Արսեն Բաբայանն իրեն որևէ ցուցում չի տվել ՍԴ-ից ստացված գրության առնչությամբ:
 

ՀՔԾ-ն դատարան չի ներկայացրել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի ցուցմունքը, որը արդարացնում է Արսեն Բաբայանին (Տեսանյութ)