23/10/2019 17:20
Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ընդունված փոփոխություն այս պահին չկա. նախարար
ԱԺ-կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում արխիվների պահպանման ստանդարտների հարցով։
Նախարարն ի պատասխան նշեց, որ ՀԾԿՀ-ի կողմից ընդունված փոփոխություն այս պահին չկա. հարցը վերաբերում է զուտ տեխնիկական կանոնակարգին։
«Պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի տեղեկությունները որոշ ժամանակ պահպանվեն։ Այստեղ ուրիշ խնդիր կա. դա փոքր օպերատորների վրա հավելյալ դրամային բեռի ավելացումն է, որովհետև 2 տարի ինֆորմացիան պահպանելու համար համապատասխան սարքեր պետք է ունենալ», - ասաց նա։
Գորգիսյանն ավելացրեց, որ ոլորտային նորարարությունները կարող են հանգեցնել ինտերնետ հասանելիության նվազման, ծառայությունների գների բարձրացման։
Նախարարը հավաստիացրեց, որ ամեն ինչ արվում է ոլորտային խնդիրներից խուսափելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում հարցին անդրադարձել էր տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությանն առնվազն պետք է հանրային քննարկում նախորդեր։