23/10/2019 16:25
ԱԺ-ն քննարկում է մարզերում սննդի ոլորտում գործունեություն ծավալողների՝ արտոնությունից օգտվելու հարցը
ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ ճանաչել մարզերում հանրային սննդի ոլորտում 24 մլն դրամի շեմը չգերազանցող շրջանառություն իրականացնող անձանց և ընձեռել նախատեսվող հարկային արտոնությունից օգտվելու հնարավորություն:
Նախագիծը ներկայացնելիս ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում 2020 թվականի հունվարին ուժի մեջ է մտնելու միկրոձեռնարկատիրության սուբյեկտի գաղափարը, որով նախատեսվում է մինչև 24 մլն դրամի շրջանառություն ունեցող տարբեր ձեռնարկություններին ազատել տարբեր տեսակի հարկերից:
«Սակայն կան սահմանափակումներ, թե որոնք են այդ ձեռնարկատիրությունները կամ գործունեության ոլորտները, որոնք կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և օգտվել արտոնությունից: Մենք առաջարկում ենք այդ բացառությունների շարքից հանել մարզերում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողներին», - ասաց Թանդիլյանը:
Ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ նախագիծը կարող է վերաբերել մոտ 1000 ձեռնարկատիրական սուբյեկտի: